Գերմանիայի կառավարությունը բավարարել է թուրք սպաներին քաղաքական ապաստան տալու դիմումները
Գերմանիայի կառավարությունը բավարարել է 4 թուրք սպաների քաղաքական ապաստան ստանալու դիմումները: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Թուրք սպաները Գերմանիա էին տեղափոխվել և այդ երկրին քաղաքական ապաստան ստանալու դիմում ներկայացրել 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վերջին շրջանում թուրքական ընդդիմադիր շրջանակներում խոսվում է, որ Գերմանիայում և այլ երկրներում հեղաշրջման փորձից հետո հաստատված թուրք զինվորականներին վտանգ է սպառնում: Մասնավորապես նշվում է, որ թուրքական հետախուզությունը քայլեր է ձեռնարկում այդ մարդկանց առևանգելու, Թուրքիա տեղափոխելու և ձերբակալելու ուղղությամբ:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարները իրենց վերահսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Հեղաշրջման փորձից հետո Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ են փախել թուրք զինվորականներ, ովքեր Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: