Բաժիններ՝

Միջազգային դերակատարները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը ձգձգվող հակամարտությունների կարգավորման համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին հայտարարել է, որ ձգձգվող հակամարտությունների կարգավորման համար միջազգային դերակատարները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը: Նա այս մասին նշել է ԱՄՆ-ում ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումներն ամփոփելիս:

Գեորգի Ծերեթելին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագահ Միրոսլավ Լայչակի, գլխավոր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Վորոնկովի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերի ուշադրության կենտրոնում են եղել ձգձգվող հակամարտությունները, այդ թվում՝ Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունները, ինչպես նաև մարդասիրական խնդիրների, միգրացիայի և ահաբեկչության հետ կապված հարցերը:

Ծերեթելին ներկայացրել է այդ ուղղություններով ԵԱՀԿ խորհրդարանականների կողմից իրականացվող աշխատանքը:

«ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը գործընկերներ են շատ ոլորտներում, և քանի որ մենք բոլորս աշխատում ենք խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ, չափազանց կարևոր է օգտվել միմյանց ուժեղ կողմերից: Մինչ ԵԱՀԿ խորհրդարանականները շարունակում են աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիայի հետ խնդիրների լուծման ճանապարհների որոնումը և չլուծված հակամարտությունների կարգավորումը, ես վստահ եմ, որ մենք կկարողանանք լիարժեք աշխատել այդ բոլոր ոլորտներում ՄԱԿ-ի հետ համատեղ»,- ասել է Ծերեթելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս