
Իրաքի զինված ուժերը սկսել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի հարակից տարածքը ԻՊ զինյալներից մաքրելու գործընթացը

Իրաքի զինված ուժերը փետրվարի 3-ին սկսել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի հարակից տարածքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելու գործընթացը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին տեղեկացրել է օպերացիան իրականացնող շտաբի հրամանատար Մահմուդ ալ-Ֆելլահին:
«Բանակի ստորաբաժանումները, ոստիկանությունը, աշխարհազորայինները, սահմանապահները հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ սկսել են լայնամասշտաբ օպերացիա Անբարի շրջանի անապատային տարածքներում, որոնք Սաուդյան Արաբիայի սահմանին մոտ են»,-ասել է նա: Օպերացիայի նպատակն է ոչնչացնել «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման տեղակայման տարածքները:
Իրաքի վարչապետը դեկտեմբերի 10-ին հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին վերջնական ոչնչացնելու մասին: