Ալավերդցի քրեական հեղինակություն Վահագի գործով ՔՎ պետ կձերբակալվի. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագ մականունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով առաջիկայում նոր ձերբակալություններ են սպասվում՝ պաշտոնատար անձանց մակարդակով:
Երեկ Քննչական կոմիտեն ուշագրավ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի եւ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Քննչական կոմիտեն, սակայն, իր պաշտոնյայի անունը չի նշել՝ ըստ էության չխախտեով իր գործընկերոջ անմեղության կանխավարկածը: Մեր տեղեկություններով՝ ՔԿ պաշտոնատար անձը Լոռու մարզային քննչական վարչության պետ, կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանն է:
Մեզ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը եղել է այն, որ ի սկզբանե նախաքննության ընթացքում վերջինիս, այսպես ասած, մեղմ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104- հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 235 հոդվածով: Այսինքն՝ Դավթյանին խոստացել էին, որ սպանության համար նա բանտում երկար չի մնա՝ առավելագույնը 8 տարի: Այնինչ՝ Վլադիմիր Դավթյանի մեղադրանքը պետք է լիներ ոչ միայն դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104-ի 1-ին մասով), այլ՝ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով (պատվերով սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ շահադիտական դրդումներով): Այսիքնքն՝ հոդվածի այս կետերով սպանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանին սպառնում է ցմահ ազատազրկում, իսկ նախկինով՝ ՀՀ ՔՕ 104 1-ին մասով ազատազրկումը 8-15 տարի է: Ի դեպ, Դավթյանը այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րս մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով:
Տեղեկացանք, որ Թաթուլ Շուշանյանը դեռ կարգավիճակ չունի: Գործը, սակայն, երեկ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Մեզ նաև հայտնի դարձավ, որ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի մասով բացահայտումը ԱԱԾ-ի կողմից կատարված գաղտնալսաման արդյունք է: Սակայն սա միակ ապացույցը չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: