Ներկոալիցիոն «բազարներ». ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլին սպասվող նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ` ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել` նպատակ ունենալով իշխանության ներսում ընդլայնել իր ներկայացվածությունը:
Այդ մասին է վկայում ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ վերջին նիստում ընդունված հայտարարությունը, որտեղ թափանցիկ ակնարկներ կան իշխանության հասցեին` ընդ որում, ձեռքբերումները վերագրելով իրենց, ձախողումների մեղքը բարդելով ՀՀԿ-ի վրա: Միաժամանակ ՀՅԴ-ն ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ քայլերի արդյունքում է հնարավոր հասնել իրական առաջընթացի, եւ այդ քայլերի թվում ՀՅԴ-ն առանձնացրել է կադրային քաղաքականությունը:
«Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձեւավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն»,- նշված է այնտեղ: Հասկանալի է՝ այս ակնարկը պատահական չէ եւ խոսում է ՀՅԴ ցանկությունների մասին: Մեկ փաստ էլ. հայտարարության մեջ ՀՅԴ-ն խոսել է ԸՕ-ում գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը վերանայելու մասին: Սա, ինչպես հայտնի է, օրենսդրական հնարավորությունն էր, որի արդյունքում ՀՀԿ-ին հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել: Ու հիմա ՀՅԴ-ն բարձրաձայնում է այդ հնարավորությունը վերացնելու մասին:
Բայց, դե, հասկանալի է՝ մի քանի պաշտոն ավել ստանալուց հետո ՀՅԴ-ն կմոռանա այս պահանջների մասին, մանավանդ, հիշում եք՝ ժամանակին նրանք կողմ քվեարկեցին ռեյտինգային ընտրական համակարգ սահմանող ԸՕ-ին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: