Զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի եկամուտներն աճել են
2017թ․ չորրորդ քառորդում Թուրքիայում զբոսաշրջության ոլորտի եկամտաբերությունը կազմել է 6 մլրդ 109․2 մլն դոլար։ Այլ կերպ ասած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է 27․7 տոկոսով։ Թուրքական «Ekonomi Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալներից։
Այդ եկամտի շուրջ 77․7 տոկոսն ապահովվել է արտերկրից եկած զբոսաշրջիկների կատարած ծախսերի շնորհիվ, իսկ 22․3 տոկոսը՝ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների այցերի արդյունքում։
Հայտնի է նաև, որ օտարերկրացի զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը Թուրքիայում միջինում ծախսել է 687 դոլար, իսկ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները՝ 978 դոլար։
2017թ․ վերջին եռամսյակում Թուրքիայից ելք կատարած քաղաքացիների թիվը կազմել է 8 մլն 248․929, ինչը 23․1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսներին գրանցված ցուցանիշը։ Նրանց 83․ տոկոսը (6 մլն 861․894 մարդ) օտարազգիներ են, 16․8 տոկոսը (1 մլն 387․035 մարդ)՝ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներ։
Նշված ժամանակահատվածում 53․2 տոկոսով աճել է նաև զբոսաշրջային ծախսերի ծավալը․ Թուրքիայում բնակվող և այլ երկրներ զբոսաշրջության նպատակով մեկնող քաղաքացիներն այդ երկրներում ծախսել են 1 մլրդ 334․3 մլն դոլար։