Ցիկլոնի պատճառով ավելի քան 700 զբոսաշրջիկներ են արգելափակված Նոր Զելանդիայի արևմտյան ափին
Ճանապարհի փլուզման պատճառով, որն առաջացել է «Ֆեհի» ցիկլոնից, Նոր Զելանդիայի Հաասթ քաղաքում առնվազն 600 զբոսաշրջիկներ կտրված են Հարավային կղզու արեւմտյան ափի մնացած մասից: Այդ մասին հայտնել է Նոր Զելանդիայի ազգային ռադիոընկերությունը:
Նաեւ նշվում է, որ 117 զբոսաշրջիկներ հարկադրված են եղել գիշերն իրենց ավտոմոբիլներում անցկացնել Ֆոքսի սառցադաշտի մերձակա ճաապարհին: Հարավային կղզու շատ շրջաններում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել:
Ֆոքսի սառցադաշտի եւ կղզու արեւմյան ափի Հոքիթիքա, Հարի Հարի եւ Ուաթարոա քաղաքների շրջանում առնվազն 5,5 հազար տների բնակիչներ մնում են առանց էլեկտրականության:
Զոհվածների կամ տուժածների վեարբերյալ տեղեկատվություն չի ստացվել: «Ֆեհի» ցիկլոնը Նոր Զելանդիայում մոլեգնել է նախօրյակին եւ մեծ քանակությամբ տեղումներ է բերել, քամու պոռթկումների արագությունը հասել է ժամում 160 կիլոմետրի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



