Բաժիններ՝

«Լոնդոնը Brexit-ից հետո անցումային շրջանի վերաբերյալ գործարքը կկնքի մարտի երկրորդ կեսին». Մեյ

Լոնդոնը Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը կկնքի մարտի երկրորդ կեսին:

Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: «Յոթ շաբաթ անց մենք համաձայնագիր կունենանք Եվրամիության հետ»,- ասել է նա՝ նշելով նաեւ ԵՄ-ի հետ առեւտրական գործարքի կնքման կարեւորությունը, որը օգուտ կբերի երկու կողմերին եւ դրականորեն կազդի Մեծ Բրիտանիայում աշխատատեղերի ստեղծման գործընթացի վրա: Ավելի վաղ Եվրամիությունն իր դիրքորոշումը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի համար անցումային շրջանի պայմանների շուրջ բանակցություններում, որը կսկսվի 2019 թվականի մարտի 29-ին հանրակցության կազմից նրա դուրս գալուց հետո եւ կտեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս