Բաժիններ՝

Երևանում մեկ ուղևորության համար կվճարեն մեկ անգամ՝ անկախ տրանսպորտային միջոց փոխելու քանակից

Երևանի բարեփոխված տրանսպորտային ցանցով մեկ ուղևորության համար մարդիկ կվճարեն մեկ անգամ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքապետի տեղակալ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:

«Երկու և ավելի տրանսպորտային միջոց փոխելու համակարգը որևէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա: Մեկ ուղևորության համար մարդը կվճարի մեկ անգամ»,-ասաց Նիկոյանը:

Այս պահին դեռ հստակեցված չէ, թե ինչ վճարային տարբերակներ կընտրվեն: Խորհրդատուն նախապատրաստում է բոլոր տարբերակները միջազգային լավագույն փորձի վրա: Խորհրդատու կազմակերպությունը կառաջարկի տարբերակները, սակայն միասին կընտրեն օպտիմալ տարբերակը:

«Վարորդ-ուղևոր շփումը կնվազեցվի: Հնարավոր է վճարումները կատարվեն էլեկտրոնային տարբերակով»,-նշեց աշխատանքային խմբի ղեկավարը:

Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։ «Ավտոբուսային նոր երթուղային ցանցը, ինտեգրված սակագինը և տոմսային համակարգը» ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, իրականացվում է բրիտանական WYG International ընկերության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս