«Արմեն Սարգսյանը նախագահի ամենահարմար թեկնածուն է, ով ընդունված է սփյուռքահայերի կողմից»
Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի ամենահարմար թեկնածուն են համարում` կարևորելով սփյուռքի խնդիրների հարցում նրա քաջատեղյակությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում լոնդոնահայ հասարակական գործիչ Սևան Արթինը ողջունելի համարեց նրա հանդիպումների շարքը հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սևան Արթինի որակմամբ` որպես նոր դեմք, Արմեն Սարգսյանը նորություններ է փնտրում:
«Արմեն Սարգսյանը նախագահի ամենահարմար թեկնածուն է, ով ընդունված է սփյուռքահայերի կողմից: Երկար տարիներ ապրելով սփյուռքում` նա լավ գիտի այստեղի խնդիրները: Շատ եմ կարևորում իր մոտեցումը, որ ցանկություն է հայտնել հանդիպելու հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ: Սա նոր մոտեցում է, ինչի կարիքը կա Հայաստանում: Ես շատ լիահույս եմ, որ նա կհաջողի իր գործում»,-ասաց Սևան Արթինը:
Նրա խոսքով` երկար տարիների դիվանագիտական գործունեությունը Միացյալ Թագավորությունում Արմեն Սարգսյանին թույլ է տվել կապեր հաստատել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչը կկարողանա օգտակար դարձնել Հայաստանի արտաքին քաղաքական հարցերում:
Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ Րաֆֆի Սարգսյանն էլ նշեց, որ գործի բերումով հաճախ են առնչվել դեսպան Սարգսյանի հետ և ծանոթ են նրա վարչական կարողություններին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև համայնքային հարցերին նրա ցուցաբերած ուշադրությանը:
«Իր գործունեության մեջ միշտ եղել է կոռեկտ, կանոնավոր և շարունակ կապ է պահել համայնքի ու համայնքի ղեկավարության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ։ Միևնույն ժամանակ գիտենք, որ հաջողության է հասել իր անձնական կյանքում, լուրջ դերակատարություն ունի գիտական համայնքում»,-ասաց Րաֆֆի Սարգսյանը:
Համայնքային գործիչը հարկ համարեց հիշատակել Արմեն Սարգսյանի մեծ նպաստը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրագործման հարցում, ով փորձեց միջազգային հանրության ուշադրությունը դարձնել 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանական իրադարձությունների վրա:
Րաֆֆի Սարգսյանն ապագա Նախագահից ակնկալում է միջազգային ասպարեզում Հայաստանի դերի կարևորության բարձրացում:
«Կարծում եմ` Արմեն Սարգսյանը պետք է նպաստի, որ Հայաստանն ավելի շատ դուրս գա դեպի Արևմտյան երկրներ, կամուրջի դեր խաղա, որով Կովկասյան շրջանը բացվի դեպի Արևմուտք, ինչու չէ նաև Արևելք, մասնավորապես, Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը նկատի ունեմ: Այդ ձևով Հայաստանի տնտեսությունը զարգացնելու հնարավորություններ կստեղծվեն:
Այդպիսով, նաև Հայաստանի քաղաքական աշխատանքներն ավելի հաջող ընթացքի մեջ կդրվեն, և, թերևս, հնարավոր լինի մի քանի տարվա ընթացքում արտագաղթի հոսքը դեպի Արևմուտք կանխել։ Ինչու չէ, հույսով, որ հայությունը ցանկանա վերադառնալ Հայաստան»,- ասաց նա:
Որպես բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ` Րաֆֆի Սարգսյանը մատնանշեց այն խնդիրները, որոնք այսօր առկա են հայրենիք-սփյուռք հարաբերություններում և կարգավորման կարիք ունեն: Առաջին հերթին` նա կարծում է, որ հայության համար բազվակողմանի կարևորության սփյուռքի ներուժը պետք է ճիշտ գնահատել և համակարգված օգտագործել։
«Սփյուռքի հիմնական ցավերից մեկը անկազմակերպվածությունն է: Ավանդական կուսակցությունների միջև եղած քաշքշուկների և սփյուռքում առկա բազմատեսակ մոտեցումները սերնդեսերունդ փոխանցվելու արդյունքում, այսօր ունենք ավելի շատ տարերային, քան կազմակերպված վիճակ»,- նշեց Րաֆֆի Սարգսյանը` այնուհանդերձ ավելացնելով, որ անկախությունից հետո այդ հարցը որոշ չափով դրական ընթացք է ստացել, և համագործակցությունը քաջալերվել է նաև դեսպանների միջոցով։
Րաֆֆի Սարգսյանը անդրադարձավ նաև Հայաստան-Սփյուռք համաժողովների անցկացմանը` նշելով, որ դրանք պետք է ավելի հասցեական, նեղ մասնագիտական և արդյունավետ հենքի վրա դրվեն:
Անի Նազարյան