«Մենք զգուշացնում էինք Թրամփի վարչակազմին չարտատպել «Ֆորբսի» ցուցակը». Դենիել Ֆրիդ

Ամերիկյան փորձագիտական շրջանակները գտնում են, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հրապարակած ռուս օլիգարխների ու քաղաքական գործիչների ցուցակն ու «կրեմլյան զեկույցը կարող է ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, եթե հրապարակվի դրա ամբողջական տարբերակը: Փաստաթուղթը, ըստ նրանց, չունի լուրջ կշիռ այն տեսքով, որով այն հրապարակվել է: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Կրեմլյան զեկույցի ամբողջական տարբերակը կունենա քաղաքական մեծ նշանակություն, եթե դրան ծանոթանա Ռուսաստանի հանրությունը: Այնտեղ գիտեն, որ երկիրը ղեկավարում է ավազակախումբ: Հանրությունը կիմանա, թե ինչպես մի խումբ անձինք տրիլիոն դոլարով թալանել են իրենց»,- ասում է Հուդզոն հաստատության քաղաքագետ Անդրեյ Պիատկովսկին:

«Ռուսաստանում շատ շուտ հասկացան, որ սա ընդամենը երեք ցուցակների համադրություն է, ներառյալ նախագահի ու վարչապետի հեռախոսային ձեռնարկների, Ֆորբսի ցուցակի ու անցած տարվա RBK-ի հրապարակումը պետական ընկերությունների մասին: Հույս է ներշնչում միայն զեկույցի գաղտնի մասի առկայությունը, որի մասին խոսել է ֆինանսների նախարար Մնուչինը»,- հայտարարել է Կատո հաստատության ավագ փորձագետ Անդրեյ Իլարիոնովը.

Վարչակազմի հրապարակած զեկույցն ու ցուցակի այս տարբերակը քննադատել է նաև վերլուծաբան Դենիել Ֆրիդը, ով կարծում է, որ այս հրապարակումը բաց թողնված հնարավորություն էր:

«Մենք զգուշացնում էինք Թրամփի վարչակազմին չարտատպել Ֆորբսի ցուցակը: Նախևառաջ անհրաժեշտ էր կազմել համոզիչ ցուցակ, այլ ոչ թե թվարկել Ռուսաստանի բոլոր հարուստ մարդկանց, քանի որ եթե դուք պատժամիջոցներ եք սահմանում բոլորի նկատմամբ, ուրեմն դեմ եք բոլորին, որը խոհեմ չէ: Մեր նպատակն է հակազդել ոչ թե Ռուսաստանին, այլ պուտինյան ագրեսիային»,- ասում է Դենիել Ֆրիդը:

Կրեմլյան զեկույցին ու ցուցակին անդրադարձան նաև ռուսաստանցի մեկնաբաններն ու լրագրողները, ովքեր քննադատեցին ամերիկյան կողմի գործողությունները:

«Չի կարելի նման ցուցակների մեջ ընդգրկել ամբողջ քաղաքական և տնտեսական վերնախավին: Սա նման է պահակախմբի զինվորի արձակած նախազգուշական կրակոցի»,- ասում է լրագրող Պավել Գուսևը:

«Դուք տեսե՞լ եք այդ ցուցակը: Դա ընդամենը ռուսական Ֆորբսում ընդգրկված անձանց այբբենական կարգի և նախագահի ու կառավարության աշխատակազմերի արտատպումն է: Մեզ ասում էին, որ կլինի լուրջ հետաքննություն, կբացահայտվեն կոռուպցիոն գործեր: Ինչի՞ մասին է խոսքը: Ցուցակում ընդգրվել է բազմազավակ մայր Աննա Կուզնեցովան միայն այն պատճառով, որ նրա անվան դիմաց կար «նախագահ» պաշտոնը: Սա անհեթեթություն է: Ցավում եմ, որ այսօր աշխարհում հսկայական ազդեցություն ունեցող երկիրը կարևոր որոշումներ է կայացնում՝ հիմնվելով նման թույլ տեղեկատվության վրա: Դա վախեցնում է»,- նշել է RT մեդիա ընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը:

Անկախ ամերիկյան և ռուսական շրջանակների տարբեր մոտեցումների Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ու պատրաստված զեկույցների նկատմամբ, նրանց որոշ շրջանակների կարծիքները համընկնում են մեկ հարցում. կրեմլյան ցուցակում Ռուսասատնի ողջ քաղաքական ու տնտեսական վերնախավի ընդգրկումը նվազեցնում է զեկույցի իրական արժեքը:

Տեսանյութեր

Լրահոս