««Կրեմլյան ցուցակի» շուրջ աղմուկն ավելին է, քան արդյունքն է լինելու». Սիմոնով

«ԱՄՆ «կրեմլյան ցուցակը» և ծիծաղելի է, և տարօրինակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով ԱՄՆ «կրեմլյան ցուցակին» և դրա ազդեցությանը Ռուսաստանի հարակից տարածաշրջանի վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է աղմկահարույց «կրեմլյան ցուցակը»։ Ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի գրեթե բոլոր գործարարներն ու քաղաքական գործիչները, այդ թվում` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու գործարար Սերգեյ Գալիցկին։

Ցուցակը չի նշանակում, որ այս անձանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, սակայն այս ցուցակում ներառվելը լուրջ խոչընդոտներ է ստեղծելու այս գործիչների արևմտյան գործարքների հարցում։

Ցուցակում ներառված որոշ անձանց նկատմամբ արդեն իսկ գործում են պատժամիջոցներ։ Ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 114 քաղաքական գործիչ և 96 գործարար։ Այնտեղ ներառված է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անունը։

Բացի այդ, այնտեղ կարելի է տեսնել նաև առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի, փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի, Ալեքսանդր Խլոպոնինի, Վիտալի Մուտկոյի, Արկադի Դվորկովիչի, Օլգա Գոլոդեցի, Դմիտրի Կոզակի և Դմիտրի Ռոգոզինի անունները։

Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն` ցանկում են նաև ՌԴ կառավարության անդամներն ու «Ռուսաստանի գլխավոր այլ գերատեսչությունների» ղեկավարները։

Բացի այդ, ընդգրկված են նաև «այլ քաղաքական առաջնորդների» անուններ, ներառյալ՝ Պետդումայի և Դաշնային խորհրդի ղեկավարությունը, ՌԴ Անվտանգության խորհրդի անդամները և պետական ընկերությունների ղեկավարները։

Ցանկը մասնավորապես համալրել են ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոնը, վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալներ Ալեքսեյ Գրոմովն ու Սերգեյ Կիրիենկոն, վարչակազմի ղեկավարի տեղակալներ Մագոմետսալամ Մագոմեդովը, Վլադիմիր Օստրովենկոն, Դմիտրի Պեսկովը (նախագահի մամուլի քարտուղար)։ Ցանկում կան, այսպես կոչված, օլիգարխներ. ԱՄՆ ֆինանսների նախարարության ցանկում են հայտնվել այն ձեռներեցները, որոնց ունեցվածքը «վստահության արժանի աղբյուրների տվյալներով», առնվազն 1 մլրդ դոլար է կազմում։

Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ ընդհանրապես պատժամիջոցների և այս ցուցակի նպատակը Ռուսաստանի հետ ոչ թե իրական առճակատման գնալն է, այլ վախի մթնոլորտի ձևավորումը՝ առանց այնպիսի միջոցների գործադրման, որոնք կարող են առաջացնել պատասխան քայլեր Ռուսաստանի կողմից, քանի որ Ռուսաստանն այնքան էլ փոքր խաղացող չէ, որպեսզի չկարողանա պատասխանել Թրամփի որոշումներին, թեև շատերը դրան անլուրջ են մոտենում:

«Կարծում եմ` Թրամփի վարչակազմն այդ հանգամանքը շատ լավ է հաշվի առել և այնպես է իրականում դասավորել այս պատժամիջոցներն ու ցուցակը, որ այն պատասխան արձագանք չառաջացնի:

Օրինակ` էներգետիկայի փոխնախարարը ներառված է ցուցակում, վարչությունների ղեկավարները ներառված են, իսկ նախարարը` ոչ, կարծում եմ` եթե ցանկություն լիներ գնալ կոնֆլիկտի, հնարավոր էր դա կազմակերպել, քանի որ այդ նախարարությունն է ապահովել դեպի Ղրիմ էներգետիկ կամուրջը:

Այսինքն` տպավորություն է, թե ԱՄՆ-ը պատժում է, բայց նաև ինչ-որ կամուրջներ թողնում է: Ամեն ինչ չափազանց տարօրինակ ու խառն է կազմված, որը հենց այդպիսի քննարկումների առիթ էլ դառնում է:

Սկզբից պնդում էին, թե հրապարակվելու են պատժամիջոցները, հետո՝ անունների և ընկերությունների ցուցակները, բայց հրապարակվում են անունները իբրև թե հատուկ ծառայությունների տվյալների հիման վրա, որոնք հետագայում պետք է դառնան որոշակի գործողությունների թիրախ, սակայն պատժամիջոցների ցանկը նայելիս կարող ենք հասկանալ, որ գուցե ինչ-ինչ հաշվետվությունների հիման վրա են կազմվում այս պատժամիջոցները, այսինքն` դրանք հատուկ ծառայությունների բացահայտումների արդյունք չեն, այլ բաց աղբյուրներ են, որոնցից ամերիկացիներն օգտվում են: Եվ ծիծաղելի է, և տարօրինակ»,- մեկնաբանեց Կոնստանտին Սիմոնովը:

Վերջինիս կարծիքով՝ այս ամենի շուրջ աղմուկն ավելի շատ է, քան արդյունքը: «Ասեմ նաև, որ այս ցուցակը, վստահ չեմ, որ գործի է դրվելու մի օր, այդ դեպքում կարելի է լուրջ վերլուծություններ անել, մինչ այդ այնքան էլ լուրջ չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի ազդեցությանը Ռուսաստանի գործընկերների վրա` Սիմոնովն ասաց, որ ՌԴ տնտեսության վատթարացման կանխատեսումներ չունի: «Եթե բացասական միտումներ լինեն, դրանք հարվածելու են և՛ գործընկերներին, և՛ ԵԱՏՄ-ին, և՛ հենց գործընկերությանը: Բայց բացասական կանխատեսումներ այս պահին չեմ անելու»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս