Արմեն Աշոտյանը կոչ է անում մեծ ողբերգություն չսարքել «Կրեմլյան զեկույց»-ում հայերի առկայությունից

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կոչ է անում մեծ ողբերգություն չսարքել ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլյան զեկույց»-ում ռուսաստանաբնակ հայերի անունների առկայությունից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ դեռևս պարզ չէ, թե այդ ցուցակում ներգրավված լինելը ինչ հետևանքներ է ունենալու, իսկ ցուցակը ինքնին սանկցիոն չէ:

«Հայաստանը փորձում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ երբեք չխառնել: Հայաստանը շահերի համադրման գոտի է, ոչ թե՝ հակադրման: Ռուս-ամերիկյան տնտեսական եւ քաղաքական բախումներից մենք չենք շահում: Տնտեսական և քաղաքական առումով աշխարհը չի շահում, որովհետև լրացուցիչ գլոբալ մարտահրավերներ կան: Այն ցուցակը, որ հրապարակվեց ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից, բուռն քննարկման առարկա է Ռուսաստանում:

Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեծ ողբերգություն սարքենք, որ մեր հայրենակիցներից այդ ցուցակի մեջ ներգրավված են, քանի որ պարզ չէ, թե այդ ցուցակում ներգրավված լինելը ինչ հետևանքներ է ունենալու: Ցուցակի անվանական կազմը չի ենթադրում իրավական հետևանքներ: Այդ ցուցակը սանկցիոն չէ: Դա չի նշանակում, որ բոլորը մեղավոր են»,- նշեց Աշոտյանը` հավելելով, որ եթե անհրաժեշտություն լինի՝ ՀՀ-ն իր գործիքների շրջանակներում կզբաղվի իր քաղաքացիների խնդիրներով:

«Հայաստանը պետք է շարունակի հեռու մնալ բախումնային օրակարգից: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում համընկնում են: Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը թույլ է տալիս ասելու, որ Արցախյան հակամարտությունն այն եզակիներից է, որում խորհրդային նախկին տարածքում գլոբալ խաղացողների շահերը համընկնում են բռնի ուժի չգործադրման սկզբունքներով: Հայաստանը պետք է շարունակի այս օրակարգով շարժվել»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Կրեմլյան զեկույցը», որում ներառված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող պետական պաշտոնյաների ու օլիգարխների ցանկը: Փաստաթղթում ներառված է 210 անուն, որոնցից 114-ը բարձրաստիճան պաշտոնյա ու պետական ընկերության ղեկավարներ են, 96-ը՝ օլիգարխներ: Զեկույցում նշվում է, որ ցանկում ներառվել են 1 միլիարդ դոլարից ավելի կարողություն ունեցող գործարարները:

Տեսանյութեր

Լրահոս