Հեշտացվել է Հայաստանում օտարերկրյա բժիշկների մասնագիտական գործունեության թույլտվության գործընթացը
Հայաստանի Հանրապետության անկախացումից անմիջապես հետո շատ երկրների բժշկագիտական կառույցներ, մասնավոր հիվանդանոցներ և առանձին մասնագետներ սկսեցին համագործակցել առողջապահական մեր կառույցների հետ։ Արդյունքում մեր երկրում ներդրվում էին նորագույն սարքավորումներ, բուժման ժամանակակից մեթոդներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Սակայն դաշտի իրավական կարգավորման բացակայության պատճառով եղան նաև ռիսկեր։ Երբեմն տեղի բժշկական կազմակերպությունների կամ անհատների հրավերով Հայաստանում մասնագիտական բժշկական գործունեություն էին իրականացնում բժիշկներ, ովքեր իրենց երկրում զրկված էին այդ իրավունքից:
2015 թվականին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով այս ոլորտը կարգավորելու իրավական հիմք ստեղծվեց և ՀՀ կառավարությունը հստակ գործընթաց ամրագրեց, որի համաձայն առողջապահության նախարարությունը հսկողություն էր սահմանում Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության իրականացման վրա և տրամադրում համապատասխան թույլտվություն:
Կազմակերպություններն օտարերկրացի մասնագետին Հայաստան հրավիրելու և նրա կողմից մասնագտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալ համար նախարարություն հայտ էին ներկայացնում։ Դրանում ներառված ոչ փոքրաթիվ փաստաթղթերով գնահատվում էր հրավիրվող մասնագետի որակավորումը, հրավիրող կազմակերպությունում առկա հնարավորությունները մասնագետի որակյալ և անվտանգ գործունեությունն ապահովելու համար և այլն: Արդյունքում օտարերկրացի մասնագետի Հայաստանում կարճաժամկետ մասնագիտական գործունեության հայտը բավարարվում կամ մերժվում էր։
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ վերջերս ընդունվեց կառավարության որոշում, որով Էականորեն հեշտացվեց ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից և Կանադայից ժամանող բժիշկներին թույլտվության տրամադրման գործընթացը: Այժմ այդ բժիշկներից պահանջվում է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և պատշաճ գործունեության հավաստագիր` certificate of good standing, որով հավաստվում է, որ տվյալ բժիշկն իր երկրում մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներ չունի: Հաշվի է առնվել, որ այդ երկրներում խստորեն վերահսկվում է բժշկական գործունեության իրականացումը, և բժշկական կրթության որակը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Ըստ էության, այս քայլը դրական ազդեցություն կունենա, մանավանդ, որ այդ երկրներից Հայաստան են գալիս ճանաչում ունեցող հայազգի մասնագետներ` նպաստելով առողջապահական մեր համակարգում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանը: