Բաժիններ՝

«Սա արդեն ձեռագիր է դարձել հանրապետականների կողմից». Արարատ Միրզոյան

«Իրականում մենք սեղանին ունենք ոչ թե մեկ, այլ երկու օրենքի նախագիծ, այսինքն՝ երկու տարբեր բան խառնել են իրար։ Մի կոմպոնենտը մեր միջազգային պարտավորություններն են, որոնք մենք, այսպես թե այնպես, պետք է կատարենք, մյուսն այն թաքուն բաներն են, որ բերել-լցրել են օրենքի նախագծի մեջ, և, երբ խոսում ես ամբողջ օրենքի դեմ, ստացվում է, որ դու դեմ ես առաջադիմությանը։ Սա արդեն ձեռագիր է դարձել հանրապետականների կողմից»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Բարձրագույն կրթության նոր օրինագիծ. խնդիրների լուծմա՞ն, թե՞ խորացման օրենք» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա՝ թեև հիմա գործ ունենք կրթության ոլորտի հետ, բայց մի բան կարմիր թելի նման անցնում է բոլոր ոլորտների օրենքներով. «Մասնավորապես՝ վարչապետի կողմից բուհական խորհուրդների կազմը հաստատելու մասին դրույթը։ Այսինքն՝ ստացվում է, որ ոլորտ առ ոլորտ, ճյուղ առ ճյուղ Հանրապետական կուսակցությունն իր օրինագծերի միջոցով հաստատում է վարչապետի տոտալ վերահսկողություն։ Անգամ բուհի կառավարող խորհրդի կազմը հաստատելու է վարչապետը, իսկ բոլորիս համար գաղտնիք չէ, թե ով է լինելու վարչապետը, և ամեն ինչ հարմարեցվում է այդ մարդու տոտալ վերահսկողությանը»։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀՀԿ-ի ձեռագիրն օրենքի այլ դրույթներում ևս երևում է. «Օրինակ՝ ուսանողական գիտական ընկերությունը և ուսանողական խորհուրդը ֆինանսավորվում են բուհի արտաբյուջետային  հաշվից։ Հիմա օրենքի նախագծում որևէ այլ տեղ չի սահմանվում, թե ինչ արտաբյուջե է, որտեղից է ձևավորվում, ինչ հոսքեր կան այդտեղ, և ինչ ծախսեր պետք է արվեն։ Ուղղակի ասվում է, որ ՈՒԽ-ներն ու ՈՒԳԸ-ները ֆինանսավորվելու են արտաբյուջետային միջոցներից։ ՈւԽ-ն՝ որպես ուսանողների կառավարման մարմին, մոնոպոլ դիրք ունի թե՛ ուսանողական կառավարման համակարգում, թե՛ առանձին վերցրած որևէ բուհում։ Իսկ որևէ մեկիս համար գաղտնիք չէ, թե ուսանողական խորհուրդներն ինչպես են ձևավորվում, ինչպես են աշխատում, ինչ նպատակներով, և ֆինանսավորվում են բուհից։ Պետք է առաջարկենք, որ սահմանվի նաև այլ ուսանողական մարմիններ ստեղծելու և դրանց գործելու իրավունքը։ Սրանով փորձում են ասել, որ մյուս ուսանողները չեն ներկայացնում ուսանողությանը, ուսանողությանը ներկայացնում է միայն  ՈւԽ-ն, և պետք է ուսանողների՝ տարբեր կառուցներ ձևավորելու իրավունքը ճանաչի այս օրենքի նախագիծը»։

Պատգամավորը նկատեց՝ նախկինում կառավարման խորհուրդներում ուսանողներն ունեին 25 տոկոս ներգրավվածություն, հիմա ուսանողների ներգրավվածությունը դառնում է 10 տոկոս. «Այսինքն՝ ակնհայտորեն հետընթաց է սա։ Նախագծում հստակեցված չեն սոցիալական կարիքներից և առաջադիմությունից  ելնելով կրթաթոշակների և փոխհատուցումների տրամադրման չափորոշիչները։ Այդ չափորոշիչները գոնե մոտավոր պետք է ամրագրվեն օրենքով, թե ինչից ելնելով՝ բուհը կամ կառավարությունը պետք է փոխհատուցի ուսանողի ֆինանսական ծախսերը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս