Աբովյանի պետական քոլեջում դասադուլ է եղել. ջեռուցում չի ապահովվում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Աբովյանի պետական քոլեջում դասադուլ է հայտարարվել: Սովորողները երկրորդ դասից հետո հրաժարվել են մասնակցել դասերին, որովհետեւ ջեռուցում չի ապահովվում, եւ լսարաններում ցուրտ է:
Ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց. «Արդեն ինչքան ժամանակ է՝ Աբովյանի պետական քոլեջը չի ջեռուցվում: Բավականին հիվանդ երեխաներ կան, դասախոսներն էլ են հիվանդանում դրա պատճառով: Ուսանողները այսօր որոշեցին դասադուլ անել: Մի մասը քոլեջից դուրս եկավ, մի մասը մնաց քոլեջում, բայց լսարաններ չմտավ: Ուսանողներից մեկը, որը կազմակեպել էր այդ ամեն ինչը, տնօրենի հետ կոնֆլիկտի մեջ մտավ: Տնօրենն ասաց՝ դադարեցրու, թե չէ կհեռացնենք եւ այլն: Այսպես փորձեցին վախեցնել: Ուսանողներն էլ իմացան, որ հեռացնելու են այդ տղային, ավելի շատ լարվեց վիճակը, տնօրինության հետ սկսեցին կռվել, որ չեք հեռացնելու ոչ մեկին»:
Բողոքի ակցիայի կազմակերպչի մասին խոսելով՝ նա նկատի ունի քոլեջի գեղանկարչության բաժնի չորրորդ կուրսի ուսանողներից մեկին: «Կազմակերպիչ ասվածն այսպես է. ուսանողներին առաջարկել էր դասադուլ անել, ուսանողներն էլ համաձայնել էին: Նույնիսկ դասախոսները կողմ էին դասադուլին, ասում էին՝ մի եկեք դասի: Որովհետեւ, եթե մենք չգնանք, դասախոսներն էլ չեն գա: Գալիս են ու հիվանդանում»,- իրավիճակը ներկայացրեց մեր զրուցակիցը: Ասաց, որ լսարաններում օդի ջերմաստիճանը չեն չափել. «Չենք չափել, բայց շատ ցուրտ է, երեխեքը գալիս են, նույնիսկ նորմալ դաս չի անցկացվում ցրտի պատճառով»:
Ջեռուցում չապահովելու պատճառաբանությունն, ըստ նրա, այն է, որ քոլեջը չունի համապատասխան միջոցներ, եւ լսարանները չեն ջեռուցվելու նաեւ դեկտեմբերին: Սովորողները որոշել են դասերին չմասնակցել նաեւ վաղը: Աբովյանի պետական քոլեջի տնօրեն Գեւորգ Սողոմոնյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ տեղծված իրավիճակի եւ ջեռուցման հետ կապված խնդրի շուրջ:
Փորձեցինք դա անել Կրթության եւ գիտության նախարարությունից, քանի որ տվյալ ուսումնական հաստատությունը գտնվում է նախարարության ենթակայության տակ: ԿԳՆ մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, որը դեռ տեղյակ չէր Աբովյանի քոլեջում տեղի ունեցածի մասին, տնօրենի հետ կապ հաստատելուց եւ պարզաբանումներ ստանալուց հետո պատասխանեց.
«Ջեռուցման համակարգը սկսել է շահագործվել, բայց քանի որ հին համակարգ է՝ Սովետական Միության տարիներին կառուցված, տեխնիկական անսարքություն ունի, ինչի պատճառով այսօր ջեռուցում չի կարողացել ապահովել: Մի դետալը ձեռք է բերել, մյուս դետալի հետ կապված խնդիր կա, փորձում է ամեն ձեւով ապահովել: Խոստացել է, որ դեկտեմբերի մեկից նորմալ ջեռուցում կլինի: Հիմա փորձելու են լսարանները ջեռուցել էլեկտրական տաքացուցիչների միջոցով՝ դասապրոցեսը չխանգարվելու համար, մինչեւ ամբողջ ջեռուցման համակագը կենթարկվի շահագործման»: Կարեն Մանուկյանը նշեց, որ ըստ տնօրենի՝ քոլեջի ամբողջ ուսանողությունը չէ, որ դասադուլ է արել. «Ուղղակի բողոքել են, որ լսարաններում ցուրտ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։