Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի երաժշտությունն առաջադրված է «Գրեմի» մրցանակի
Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքը, որի հեղինակն ու կատարողը հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելն է, առաջադրվել է «Գրեմի» մրցանակի: Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:
Քորնելի «Խոստումը» երգը առաջադրված է «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում:
Հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելը մահացել է 2017 թվականի մայիսին՝ կյանքի 52-րդ տարում:
Նա հայտնի է որպես Soundgarden ռոք խմբի կիթառահար ու երգահան:
Նա հեղինակել էր «Խոստումը» երգը Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան համանուն ֆիլմի համար: Խոսելով ֆիլմի մասին՝ երգիչն ասել էր. «Մենք պետք է տեղյակ լինենք անցյալում տեղի ունեցած դեպքերի մասին: Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ մենք չենք պատմում պարզապես մեկդարյա հնության պատմություն, մենք խոսում ենք այն պատմության մասին, որը տեղի է ունենում այսօր»: