ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 29-ի երեկոյան արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հերթական հրթիռային փորձարկումը: Ինչպես հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունում, հանդիպումը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 30-ի 01:30-ին):
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ նիստն անցակացնելու պահանջով դիմել են ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Կորեայի Հանրապետությունը «ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հյուսիսկորեական հրթիռի փորձարկումից հետո կայացած հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքի դեմ պայքարելու իրենց հանձնառությունը: Ինչպես ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, «երկու ղեկավարները համաձայնել են, որ հյուսիսկորեական ռեժիմի սադրիչ գործողությունները խարխլում են նրա անվտանգությունը եւ նրան էլ ավելի են մեկուսացնում միջազգային հանրակցությունից»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն «ամենայն վճռականությամբ» դատապարտել է ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային փորձարկումը եւ կոչ է արել Փենյանին՝ ձեռնպահ մնալ տարածաշրջանի իրադրությունն ապակայունացնող հետագա քայլերից:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ իր երկիրը ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային փորձարկումը համարում է սադրանք եւ քննարկում է Փենյանի վրա ներգործության նոր միջոցներ սահմանելու հնարավորությունը ի լրումն արդեն գործող պատժամիջոցների:
Հարավայի Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԿԺԴՀ-ից պահանջել է դադարեցնել խելահեղ սադրանքները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկո Մոգերինիի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի նոր արձակումը լուրջ սադրանք է եւ սպառնալիք միջազգային անվտանգությանը: Գերմանիայի կացլեր Անգելա Մերկելը դատապարտել է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի հերթական արձակումը եւ հորդորել է համախմբվել այն սպառնալիքի դեմ, որը միջազգային անվտանգության համար ներկայացնում է Փենյանը: Այդ մասին նոյեմբերի 29-ին Twitter-ում գրել է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ նշելով, որ դա միջազգային հանրակցությանը դրդում է ուժեղացնել Փենյանի Վրա գործադրվող ճնշումը:
Մեծ Բրիտանիան ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային փորձարկումը համարում է անօրինական եւ գտնում է, որ Փենյանին անհրաժեշտ է վարել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի անվտանգությունը Կորեական թերակղզում: Այդ մասին Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի արատաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:
ԵԱՀԿ-ի նախագահ եւ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային փորձարկումը խախտում է միջազգային իրավունքը եւ սպառնում աշխարհի անվտանգությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: