Բաժիններ՝

Լռությունն ընդհատվեց. ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի նոր փորձարկում է իրականացրել

Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:18-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 28-ի 22:18-ին) ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը։

ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ նոր հրթիռը տեխնիկական բնութագրերով գերազանցում է մինչ օրս Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռներին:

Հրթիռի թռիչքը տեւել է 53 րոպե, այդ ընթացքում թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 4 -4,5 հազար կիլոմետր, իսկ հեռվությունը՝ շուրջ հազար կիլոմետր: Այն ընկել է Ճապոնիայի ափերից 250 կիլոմետր հեռավորության վրա՝ Ամորիի պրեֆեկտուրայի շրջանի բացառիկ տնտեսական գոտում: Ռադարները գրանցել են դրա բաժանումը երեք մասի, ինչից փորձագետները եզրակացնում են, որ դրանք եղել են բուն հրթիռի երկու աստիճանները եւ մարտագլխիկի մոդելը:

Հրթիռն արձակվել է այսպես կոչված կախովի հետագծով. ոչ թե հորիզոնական, այլ ուղղաձիգ կերպով՝ մեծ անկյան տակ, որպեսզի կրճատվի թռիչքի հեռվությունը: Եթե այն արձակվեր սովորական հետագծով, դրա հեռվությունը կարող էր կազմել 13 հազար կիլոմետր: Դա նշանակում է, որ գործողության շառավիղը կծածկեր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը:

Նոր արձակման առնչությամբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն «ստեղծում է այնպիսի հրթիռներ, որոնք կարող են սպառնալ գործնականում ամբողջ աշխարհին», ինչպես նաեւ, «անտարակույս, ԱՄՆ-ին»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը գլուխ կհանի դրանից», եւ ընդգծել է, որ այս հիմնախնդրի նկատմամբ իր երկրի մոտեցումը կմնա անփոփոխ: «Ոչինչ չի փոխվի: Մենք կզբաղվենք դրանով: Դա իրավիճակ է, որից մենք գլուխ կհանենք»,- խոստացել է Թրամփը: Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը շատ լուրջ մոտեցում ունի հիմնախնդրի նկատմամբ:

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ իր երկիրն առաջվա պես բաց է դիվանագիտական երկխոսություն վարելու համար: «Միացյալ Նահանգներն առաջվա պես հանձնառու է ԿԺԴՀ-ի միջուկազերծման եւ ռազմատենչ գործողությունների դադարեցման խաղաղ ճանապարհի որոնմանը»,- հայտարարել է պետքարտուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս