Բաժիններ՝

Կարմիր խաչի միջնորդությամբ ադրբեջանցի զինվորականի դին փոխանցվել է Ադրբեջանին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանցի զինվորականի դին հանձնվել է ադրբեջանական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր ենթադրյալ ադրբեջանցի զինծառայողի դիակը փոխանցվել է ադրբեջանական կողմին»,-ասաց Զառա Ամատունին:

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, ըստ որի ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները նույն օրվա առավոտյան հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատարն էր, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակից հայտնել էին, որ պատրաստ են գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը մյուս կողմին երկուստեք համաձայնության դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս