«Սա միայն ՀՀԿ-ի պայմանագիրը չէ». Թևան Պողոսյանը՝ Հայաստան-ԵՄ պայմանագրի մասին

«Արդեն փաստ է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրված է, իսկ հիմա գալու է այն աշխատանքի ժամանակը, որտեղ ամեն ինչ կախված է մեզնից. մենք ինքներս կօգտվե՞նք այդ պայմանագրի հնարավորություններից, թե՞ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

Հարցին, թե՝ կարելի՞ է սա համարել իշխանությունների ձեռքբերումը, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Դե, բանակցողները որտեղի՞ց էին, պետական ինստիտուտների ներկայացուցիչներն էին, չէ՞: Իրենց ձեռքբերումն է, ի վերջո, այդ գործընթացը տարել են, կարողացել են հասնել, բայց արդյոք այս պայմանագիրը միայն իշխանությա՞նն է: ԵՄ-ն պայմանագիր չի կնքել Կարեն Նազարյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ, մենակ նրանց համար դա չի արել: Սա միայն ՀՀԿ-ի պայմանագիրը չէ, սա ՀՀ բոլոր քաղաքացիների պայմանագիրն է ԵՄ բոլոր քաղաքացիների հետ: Սա մերն է, ու բոլորս պետք է օգտվենք: Միշտ էլ իր ժամանակին ամեն իշխանություն ինչ-որ բաներ է անում հանուն երկրի, սա երկրի պայմանագիրն է: Հիմա տեսնենք, թե ինչպես են իրագործելու»:

Թ. Պողոսյանի կարծիքով՝ հնարավորություն է ստեղծվել բարեփոխումներ իրականացնելու. «Ընդամենը երկու օր առաջ «Հայկական շահեր» կազմակերպությունը մի քննարկում էր կազմակերպել, որտեղ Ռուսաստանի ներկայացուցիչներից մեկն ասաց՝ «մեզ իրականում շատ հետաքրքիր է, որ պայմանագիրը ստորագրվի, որովհետև դրանից հետո մենք այստեղ կարող ենք տեսնել և հասկանալ, թե ինչպես կհամագործակցեն ՌԴ-ն և ԵՄ-ն»:

Անցյալ շաբաթ էլ Հոլանդիայի ԱԺ նախագահն էր այստեղ, ելույթ ունենալուց ասաց՝ «շատ ուրախ ենք, ու բոլորն էլ սպասում են, որ Հայաստանն անպայման կստորագրի, որովհետև նույն եվրոպացիներին էլ է շատ հետաքրքիր, թե ինչպես այստեղ համագործակցություն կձևավորվի, և իրենք էլ կկարողանան հասկանալ և տեսնել, թե ԵՄ-ն և ՌԴ-ն ինչպես կարող են համագործակցել»: Այսինքն՝ և՛ ԵՄ-ի, և՛ ՌԴ-ի կողմից կան այդ ցանկությունները: Դու պետք է մտածես՝ ինչպես անել, որ այդ դաշտը կայանա»:

168.am-ի ճշտող հարցին, թե ըստ Ձեզ՝ Հայաստանը կարո՞ղ է ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքը դրական ձևով օգտագործել ԵՄ-ի հետ հարաբերություններում՝ Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Բնականաբար: Ցանկացած երևույթ աշխարհում օգտագործողից է գալիս: Չմոռանաք հին չինական ասացվածքը՝ «չկա չարիք՝ առանց բարիքի, չկա բարիք՝ առանց չարիքի»»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս