Մերկելին սարսափեցրել է Ալտենայի քաղաքագլխի վրա կատարված հարձակումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի երկրամասում Ալտենայի քաղաքագլխի վրա դանակով կատարված հարձակումը սարսափեցրել է իրեն: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Նոյեմբերի 27-ի երեկոյան տղամարդը, ենթադրաբար, հարբած վիճակում, դանակով հարձակվել է Ալտենա քաղաքի 57-ամյա քաղաքագլուխ Անդրեաս Հոլշտայնի վրա: Քաղաքական գործիչը պարանոցին ստացել է վերք եւ հոսպիտալացվել է, ավելի ուշ նրան դուրս են գրել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Կանցլեր Մերկել. «Քաղաքագլուխ Անդրեաս Հոլշտայնի վրա դանակով ատարված հարձակումը սարսափեցրեց ինձ: Եվ ես վիթխարի թեթեւություն եմ զգում, որ նա կրկին կարող է իր ընտանիքի հետ լինել:
Շնորհակալություն նրանց, ովքեր օգնել են նրան»,- գրել է Զայբերտը Twitter-ում: Քաղաքագլխի վրա հարձակումը տեղի է ունեցել դոների կրպակի մոտ: Հաստատության աշխատակիցը, որը ցանկացել է օգնել քաղաքագլխին, նույնպես վիրավորվել է:
Ինչպես նշել է Westdeutsche Allgemeine Zeitung թերթը, հարձակվողը խստիվ քննադատում էր Հոլշտայնի քաղաքականությունը, մասնավորապես, միգրանտների նկատմամբ: Անվտանգության ծառայությունները հիմք են ընդունում այն հանգամանքը, որ չարագործը քաղաքական շարժառիթներ է ունեցել: Նախնական տեղեկատվությամբ՝ հարձակվողը եղել է Գերմանիայի 56-ամյա բնակիչ: Հրատարակությունն ընդգծում է, որ Ալտենիայի իշխանությունները լիբերալ միգրացիոն քաղաքականություն են վարում, եւ քաղաքն ավելի շատ փախստականների է ընդունում, քան պարտավոր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: