ԱՄՆ-ում Մարսի վրա 10 հազար մարդու համար բնակավայրի նախագիծ են պատրաստել
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներների եւ ճարտարապետների խումբը հաղթել է 2017 թվականի Mars City Design մրցույթում՝ ստեղծելով կացարանի նախատիպ՝ նախատեսված Մարսի ապագա բնակեցման համար: Մրցույթի հովանավորներն են ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը եւ Եվրոպայի տիեզերական գործակալությունը:
Այդ մասին հայտնել է Space.com ինտերնետ-հրատարակությունը: Գմբեթի ձեւով կատարված մարսյան կացարանի նախագիծն ստացել է Redwood Forest անվանումը: Յուրաքանչյուր գմբեթ մնացածների հետ կապված կլինի թունելների ճյուղավորված համակարգով՝ նման ծառերի արմատային համակարգին:
Թունելները, որոնք պլանավորվում է կառուցել Կարմիր մոլորակի մակերեւույթի տակ, պետք է տանեն աշխատանքի եւ հանգստի համար նախատեսված սենյակներ, ինչպես նաեւ նորաբնակների փոխադրման միջոցների մոտ: «Արմատները» կենտրոնացված են այն կերպ, որ մարդկանց հուսալիորեն պաշտպանեն ճառագայթումից, ոչ մեծ երկնաքարերի հարվածի հետեւանքներից եւ ջերմաստիճանի էքստրեմալ տատանումներից: Յուրաքանչյուր այդպիսի տուն նախատեսված է առավելագույնը 50 մարդու համար: Նախագծի հեղինակներն առաջարկում են ապագայում կառուցել շուրջ 200 նման գմբեթներ՝ 10 հազար մարդ տեղավորելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: