Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Նոր հնարավորություններ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։ Դեսպանն ասաց, որ համաձայնագիրը շատ կարևոր է, նոր դռներ է բացում Հայաստանի համար, և այս պահին, ըստ դեսպանի՝ ամենակարևորն այն կյանքի կոչելն է. «Հիմա աշխատելու ժամանակն է, ոչ թե ընդմիջում վերցնելու, պետք է ավելի ինտենսիվ դարձնենք մեր աշխատանքը, որպեսզի ավելի տեսանելի լինի սովորական հայաստանցու տեսանկյունից։ Սա անում ենք սովորական հայաստանցու համար։ Իհարկե, դիվանագետներն են բանակցել այս փաստաթուղթը, բայց այն հասարակ քաղաքացիների համար է»։

Պյոտր Սվիտալսկին նկատեց՝ համաձայնագիրն ունի 2 կողմ, 2-ն էլ հանձնառություն են վերցրել՝ ինտենսիվացնել իրենց հարաբերությունները. «ԵՄ-ն քաջալերում է, աջակցում է, բայց երբեք ոչինչ չի պարտադրում։ Հարկ չեմ համարում խոսել ձախողումների մասին, որովհետև շատ լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կբերի մեր հարաբերություններին։ Ես միշտ եմ լավատես եղել, նաև մի քանի ամիս առաջ, որ սա այս տարի իրականություն կդառնա։ Նաև շատ լավատես եմ դրա իրագործման առումով, սա երկկողմանի համաձայնագիր է, և վստահ եմ, որ հաջողության կհասնենք»։

Անցյալը կարևոր չէ

Մատնանշելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ 4 տարի առաջ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, որովհետև ԵՄ-ն էր հրաժարվել դրանից, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո ո՞վ հրաժարվեց ստորագրել՝ Հայաստա՞նը, թե՞ Եվրոպական միությունը։ Ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Դա իրո՞ք այդքան կարևոր է։ Ընկերներ, եկեք՝ ապագային նայենք, չեմ կարծում, որ ժամանակն է անցյալին նայելու և կրկնելու այն զգացմունքները, որ կային 2013թ.»։

Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ինչպե՞ս կազդի այն քաղաքացիների կյանքի վրա։ Այս հարցերին ի պատասխան՝ դեսպանն ասաց, որ համաձայնագրում ոչ մի կախարդական փայտիկ չկա. «Իրականությունը չի փոխվում մի գիշերվա ընթացքում, բայց ես կարծում եմ, որ այս համաձայնագիրն առաջընթաց կգրանցի բոլոր այն տեղերում, որտեղ դեռ հարցականներ կան։ Երբ իրագործվի համաձայնագիրը, այն կարող է ծառայել՝ որպես իրավունքների ավելի լավ պահպանման գործիք, կարող է հանգեցնել ավելի ժողովրդավարական գործընթացների, ամրապնդել օրենքի գերակայությունը և կառավարման այլ ոլորտները։ ԵՄ-ն պատրաստ է կիսվել Հայաստանի հետ իր լավագույն փորձառությամբ՝ լավ կառավարման ոլորտում»։

Տնտեսական օգուտներ

Պյոտր Սվիտալսկին ընդգծեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է տնտեսական օգուտներ բերել. «Մենք վստահ ենք, որ այս համաձայնագիրը պարունակում է իր մեջ նոր տարրեր, դա WTO ռեժիմն է, մեր փորձագետները խոսում են նաև WTO+ ռեժիմի մասին, որը վերաբերում է առևտրին, մրցակցությանը, գնումներին։ Այս տարրերը կարող են ոգևորել եվրոպական բիզնեսմեններին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում, կարող են ոգևորել ձեր ընկերություններին, որպեսզի ավելի շատ առևտուր անեն ԵՄ-ի հետ, որովհետև նրանք երաշխիքներ կունենան, որ ժամանակակից արևմտյան բիզնեսի ստանդարտները կկիրառվեն Հայաստանում, ինչն իմ կարծիքով՝ չափազանց կարևոր է։ Եթե նայեք հատվածային համագործակցությանը՝ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում, այս համաձայնագիրը կարևոր տարրեր է պարունակում, որոնք արդյունքներ կտան։ Եվ վերջապես, ԵՄ-ն կտրամադրի շատ կոնկրետ ֆինանսական աջակցություն, որպեսզի այդ համաձայնագիրն իրականություն դառնա»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր միջամտությանը, ապա Սվիտալսկին նկատեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մյուս երկրների համար ևս շահեկան կարող է լինել. «Այս համաձայնագիրը որևէ երրորդ կողմի ուղղված չէ, ավելին, այս համաձայնագրի որոշ տարրեր Հայաստանի մյուս գործընկերների համար էլ շահավետ կլինեն, որովհետև այն շատ բաց է իր փիլիսոփայության մեջ։ ԵՄ-ն ոչ մի եսասիրական նպատակ չի հետապնդում։ Մենք չենք ուզում մոնոպոլացնել այդ օգուտները»։

Արցախի հակամարտության մասին

Խոսելով համաձայնագրի՝ արցախյան համակարտությանը վերաբերող դրույթների մասին, դեսպանն ասաց, որ ԵՄ դիրքորոշումը շատ հստակ է. «ԵՄ-ն խաղաղ կարգավորման կողմնակիցն է, կողմնակից է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքին, պատրաստ է հստակ աջակցել վստահության կառուցմանը։ Մենք հավատում ենք, որ հակամարտության կարգավորումը շատ կարևոր է Հայաստանի, ողջ տարածաշրջանի և եվրոպական հարևանության համար։ Համաձայնագրում օգտագործված լեզուն արտացոլում է ԵՄ-ՀՀ միջև առկա տոնը»։

Վիզաների ազատականացման մասին

Սվիտալսկին անդրադարձավ ԵՄ-ի հետ Հայաստանի վիզաների ազատականացման խնդրին, և կարևորեց այն փաստը, որ 2020թ. 20 նպատակներն անդրադառնում են նաև վիզաների ազատականացմանը. «Բայց, ինչպես նախկինում եմ ասել, ԵՄ դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է, որ որոշ պայմաններ կան, որոնք պետք է կատարվեն ու բավարարվեն։ Վիզաների ազատականացման որոշումը տեղի կունենա իր ժամանակին։ Մենք քաջալերում ենք մեր հայ գործընկերներին՝ շարունակել իրենց աշխատանքը, որովհետև սա պահանջում է իրական, ծանր աշխատանք։ Վիզաների ազատականացումն առաջնահերթություն է, և այն երկրները, որոնք ցանկանում են ազատ վիզային գոտի, պետք է հավատան Եվրոպային, պետք է լինեն իրապես եվրոպացի, ուզենան ապրել եվրոպական ստանդարտներով։ Սա է հիմնական այն ուղերձը, որը պետք է գա հայաստանցիներին»։

Դեսպանի խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացումը ենթադրում է օրենսդրական, ադմինիստրատիվ, ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Ինչ վերաբերում է դրա ժամկետներին, դեսպանը հետևյալն ասաց. «Ես մարգարե չեմ, չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակում դա տեղի կունենա, բայց վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը 2020թ. 20 նպատակների մեջ է ներգրավված։ Եթե բոլոր անհրաժեշտ պայմանները բավարարվեն, և եթե ԵՄ բոլոր անդամ երկրներն ընդունեն, որ ճիշտ ժամանակն է, դա տեղի կունենա։ Արհեստականորեն ոչ ոք չի ձգձգելու այս գործընթացը, դա մեր շահերից չի բխում»։

Ատոմակայանի մասին

Ինչ վերաբերում է քննարկվող Մեծամորի ատոմակայանի խնդրին, դեսպանը հիշեցրեց, որ ԵՄ-ն տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին, որպեսզի Մեծամորի ատոմակայանն անվտանգ դառնա, պատշաճ կերպով աշխատի, ինչը, ըստ նրա՝ շատ կարևոր է. «Համաձայնագիրը ՀՀ-ի համար վտանգ պարունակող որևէ դրույթ չունի, հակառակը՝ դա միայն վերահաստատում է մեր համագործակցության պարտավորությունը։ Բոլոր ռեակտորներն ինչ-որ գործողության ժամկետ ունեն, որի ընթացքում անվտանգ կաշխատեն, բայց պետք է նաև հաջորդ քայլին անդրադառնաք, թե հետո ինչ է լինելու։

Այնպես որ, ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՀՀ-ի հետ՝ լավ, մատչելի և արդյունավետ լուծում գտնելու ուղղությամբ։ Մի լուծում, որը ՀՀ բոլոր քաղաքացիներին դուր կգա, սա այն է, ինչ ուզում ենք ասել, և ոչ մի բան ավելի»։

«168 Ժամ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս