Դամասկոսի պատվիրակությունն անորոշ ժամանակով հետաձգել է իր մեկնումը Ժնև. Al Watan
Սիրիայի կառավարությունը «հիասթափված է Էր Ռիադում ընդդիմադիր ուժերի խորհրդաժողովի արդյունքներից եւ որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել պաշտոնական պատվիրակության մեկնումը Ժնեւ»:
Այդ մասին հայտնել է Դամասկոսում հրատարակվող Al Watan թերթը: Նրա տվյալներով՝ ավելի վաղ պլանավորվում էր, որ կառավարական պատվիրակությունը Ժնեւ կժամանի նոյեմբերի 27-ին՝ մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլին: Ինչպես նշում է Al Watan-ը, սիրիական կողմը եգիպտոսցի դիվանագետ Ռամզի Իզեդդին Ռամզիի՝ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի տեղակալի հետ նոյեմբերի 25-ին կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ «Էր Ռիադ-2» խորհրդաժողովի ծրագրային փաստաթուղթը բանակցությունների գործընթացը վերադարձնում էԷ ամենանախնական փուլ»:
Նրա կարծիքով, ընդդիմությունն «անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի կարգավորման սկզբունքների վերաբերյալ 2254 բանաձեւի դրույթները եւ նախապայման է առաջադրում՝ պահանջելով, որ նախագահ Բաշար Ասադն անցումային շրջանի սկզբում հեռանա պաշտոնից»: Ինչպես կարծում են Դամասկոսում, նման դիրքորոշումը չի համապատասխանում քաղաքական գործընթացն սկսելուն, որը պետք է հանգեցնի յոթնամյա հակամարտության դադարեցմանը Սիրիայում»:
Բացի այդ, ինչպես նշում է Al Watan-ը, Դամասկոսին չի գոհացնում կառավարության հետ բանակցությունների համար ընդդիմադիր պատվիրակության կազմը, որն ստեղծվել է Էր Ռիադի խորհրդաժողովի արդյունքներով: Ինչպես նոյեմբերի 24-ին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, Ժնեւում Դամասկոսի ներկայացուցիչների հետ ուղղակի բանակցություններում սիրիական ընդդիմության միասնական պատվիրակությունը գլխավորելու է Նասր ալ Հարիրին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: