Բաժիններ՝

Ծխելու ֆիզիկական և հոգևոր վնասները

Ինչո՞ւ է ծխելը դիտվում որպես մեղք: Վնասո՞ւմ է արդյոք այդ սովորությունը հոգուն: Հոգու տարաբնույթ հիվանդությունները Եկեղեցու հայրերը բնորոշում են «կիրք» հասկացությամբ: Հայտնի են կրքերի մի շարք դասակարգումներ: Մարդու մեջ միավորված են մարմնավորն ու հոգևորը, հետևաբար կրքերը նույնպես լինում են և մարմնական և հոգեկան: Սակայն նրանց զատորոշելը դյուրին գործ չէ, քանի որ բոլոր կրքերի «էպիկենտրոնը» գտնվում է հոգում: Առավել տարածված մարմնական կրքերն են. «որկրամոլությունը, շատակերությունը, ճոխությունը, հարբեցողությունը, գաղտնաբար ուտելը, հեշտասիրության զանազան դրսևորումները, շնությունը, անառակությունը, շվայտությունը, անմաքրությունը, արյունապղծությունը, մանկահասակների այլասերումը, անասնապղծությունը, վատ ցանկությունները և ամեն տեսակի հակաբնական և ամոթալի կրքերը» (Добротолюбие,Т.2, Свято-Троицкая Сергиева Лавра, 1993, н. 371):

Ծխելը համարվում է հակաբնական կիրք, քանի որ շարունակական ինքնաթունավորումը չի բխում մարդու մարմնի բնական պահանջից: Բոլոր կրքերը գայթակղության քարեր են մեր փրկության ճանապարհին: Իր ծագմամբ մարդկային բնությունը, որպես Ամենագետ Աստծո ստեղծագործություն, որպես Նրա պատկեր ու նմանություն, ունի կատարելություն: Մեր քրիստոնեական կյանքի նպատակն է միավորվել Աստծո հետ և միայն Նրանում գտնել հավիտենական կյանքի երանությունը: Մեր փրկությունը իրագործելով՝ մենք պետք է ձգտենք վերականգնել մեր մեջ Աստծո պատկերը, որը խեղաթյուրված է տարատեսակ մեղքերով, և ջանանք նմանվել մեր Երկնային Ծնողին: Քանի դեռ մարդը մնում է կրքի գերության մեջ, նրա հոգին անընդունակ է վերականգնել աղճատված պատկերը և վերադարձնել նախաստեղծ աստվածնմանությունը: Կրքերի կապանքներում գտնվող մարդու հոգին ապականվում է, միտքը դառնում անկենդան, իսկ կամքը՝ թուլանում: Սուրբ հայրերը նման վիճակը անվանում են երկրորդ կռապաշտություն: Մարդը փաստորեն պաշտում է սեփական մոլությունները, ինչպես կուռքերի: «Կռապաշտը Աստծո թագավորության մեջ ժառանգություն չունի» (Եփես. 5:5):

«Առանց կրքերից մաքրվելու հոգին չի բժշկվում իր մեղսալից հիվանդություններից և չի հասնում այն փառքին, որը կորցրել է պատվիրանազանցությամբ» (Ս. Իսահակ Ասորի): Յուրաքանչյուր կիրք , որպես հոգու ախտ, աննշմարելի կերպով փոխշախկապված է հոգու այլ հիվանդությունների հետ: Հոգում չկան անանցանելի պատնեշներ: Արմատացած կիրքը նպաստում է և այլ արատների ձևավորման: Ցայտուն կերպով արտահայտվում է եսասիրությունը: Մանկասայլակում քնած երեխայի հետ ծխելով զբոսնող մայրը մոլության բավարարումը գերադասում է իր փոքրիկի առողջությունից: Ծխող ծնողները որպես կանոն օրինակ են ծառայում իրենց զավակներին: Երեխաները նրանց սեփականությունը չեն: Եթե ծնողները վարակում են նրանց այդ կործանարար սովորությամբ, հակառակ են վարվում և՛ քրիստոնեական խղճին, և՛ համամարդկային բարոյական նուրմերին: Նա, ով վերջապես գիտակցում է ծխելու վնասը, հաճախ ընկնում է վհատության մեջ՝ տեսնելով, թե ինչ աստիճանի է հասել իր կապվածությունը և դիմակայելու անզորությունը: Ծխելու հետ սերտորեն կապված են ինքնաարդարացման մեղքը, բարոյականության զգացումի բթացումը:

Ներքուստ համակերպվելով այդ մոլությանը, մարդը ներում է իրեն և ուրիշ թուլություններ, քանի որ մեծ է նախադեպի զորությունը: Ծխելը մեղք է նաև այն պատճառով, որ քայքայում է առողջությունը: Սուրբ հայրերի ընդհանուր ուսուցմամբ կյանքը և առողջությունը տրված է Աստծուց որպես պարգև: Կրճատել կյանքը կործանարար սովորությունների և անառողջ կենսակերպի հետևանքով՝ լուրջ մեղք է: Ծխողը վնաս է հասցնում և իր, և ներկաների առողջությանը: Երևի թե գոյություն չունի որևէ արատ կամ այլասերում, որը չեն փորձում արդարացնել: Ծխելու «դրական» կողմերի մասին բերված փաստարկները չափազանց խղճուկ են, երբ ծանոթանում ենք բժշկության տրամադրած տվյալներին: Ծխախոտը պարունակում է նիկոտին (մինչև 2%), որն ուժեղ թույն է: Գյուղատնտեսության մեջ նիկոտինի սուլֆատն օգտագործվում է վնասակարներին ոչնչացնելու համար: Ծխելիս նիկոտինը ներծծվում է օրգանիզմի մեջ և շուտով թափանցում ուղեղի մեջ: Մարդը ծխում է ամեն օր երկար տարիներ:

Միջին ծխողը ներս է քաշում ծուխը օրեկան մոտ 200 անգամ: Դա կազմում է ամիսը մոտավորապես 6000, տարին՝ 72.000, ավելի քան 2 մլն. անգամ 45 ամյա ծխողի մոտ, որը սկսել է ծխել 15 տարեկանում: Նման երկարատև նիկոտինային գրոհը հանգեցնում է այն բանի, որ թույնը, գտնելով օրգանիզմում թույլ օղակ, հատուցում է ծանր հիվանդություն: 30 տարվա ընթացքում ծխողը ծխում է մոտ 200.000 սիգարետ, կամ 160 կգ. ծխախոտ, միջին հաշվով կլանելով 800գ նիկոտին: Մեկ սիգարետը պարունակում է մոտ 6-8մգ. նիկոտին, որից 3-4մգ. ներծծվում է արյան մեջ: Մարդու համար մահացու է 50-100մգ. (2-3 կաթիլ): Ծխախոտի ծխի բաղադրության մեջ հայտնաբերված են քաղցկեղ հարուցող կոնցերոգեններ: Ծխախոտի մեջ ահավոր մեծ չափերի են հասնում և ռադիոակտիվ նյութերը: Օրական մեկ տուփ սիգարետ ծխելիս մարդը ստանում է ռադիացիայի այնպիսի քանակություն, որը յոթ անգամ գերազանցում է ռադիացիայից պաշտպանվելու մասին միջազգային համաձայնագրում ընդունված սահմանային թուլատրելի չափաբաժինը: Ապացուցված է, որ ծխախոտից առաջացած ռադիացիան հանդիսանում է քաղցկեղով հիվանդանալու հիմնական պատճառը: Կիրքը, մոլուցքը մարդու մեղսահակ կամքի և անտեսանելի, բայց միանգամայն իրական դիվային ուժերի ակտիվության, միավորման արդյունքն է: Դիվային ուժերն ամեն կերպ աշխատում են թաքցնել իրենց մասնակցությունը մարդկանց անկման մեջ: Սակայն կան աղետաբեր արատների տեսակներ, որտեղ սատանայի դերակատարումն ակնհայտ է: Դրա ամենացայտուն ապացույցը ծխախոտի լայն տարածման պատմությունն է: Իսպանացի Ռոման Պանոն 1496թ. Ք. Կոլումբոսի երկրորդ նավարկությունից հետո Ամերիկայից ծխախոտի սերմերը բերեց Իսպանիա:

Այնտեղից ծխախոտը մուտք գործեց Պորտուգալիա: 1560թ. Լիսաբոնում Ֆրանսիայի դեսպան Ժան Նիկոն (Նրա ազգանունից է ստացել իր անվանումը նիկոտինը) ծխախոտի տերևները որպես դեղամիջոց հրամցրեց թագուհի Եկատերինա Մեդիչիին, որը տառապում էր գլխացավերից: Ծխախոտը նախ լայնորեն տարածվեց Փարիզում, ապա և ամբողջ Եվրոպայում: Ամենակործանարար բաները սատանան ձգտում է պարտադրել մարդկանց օգտակարության պիտակի տակ: XVI դարի բժիշկներից շատերը ծխախոտը համարում էին դեղամիջոց: Երբ հայտնի դարձան ծխելու վնասակար հետևանքները, հրապույրը այնպիսի թափ էր ստացել, որ վարակի դեմն առնելն արդեն չհաջողվեց: Սկզբնական շրջանում ծխելը հետապնդվում էր, և ծխողներին դաժանորեն պատժում էին: Անգլիայում նրանց պտտում էին փողոցներով վզին պարան գցած, իսկ համառողներին նույնիսկ ենթարկում մահապատժի: Անգլիայի թագավոր Իսկով I 1604թ. անգամ աշխատություն գրեց «Ծխախոտի վնասների մասին» խորագրով, որում ասվում էր «Ծխելը մի սովորույթ է, որը զզվելի է տեսողության համար, նողկալի՝ հոտառության, վնասակար՝ ուղեղի և վտանգավոր թոքերի համար»: Հռոմի Պապ Ուրբան VII բանադրելով վտարում է ծխող հավատացյալներին եկեղեցուց: Գործի էին դրվում և այլ միջոցներ: Սակայն ի վերջո հաղթող էին դուրս գալիս ծխողները, ծխախոտ արտադրողները, վաճառքը իրականացնողները, այսինքն բոլոր նրանք, ովքեր կործանիչ արատի տարածումը դարձրել էին շահութաբեր մասնագիտությունը: Եվ ծեծը, և մահապատիժն անզոր գտնվեցին այդ կործանարար մոլության դեմ, որի արագ տարածումը շատ նման է համաճարակի (ավելի ճիշտ՝ մահտարաժամի): Ինչ-որ զորություն, որ գերազանցում է մարդկային զորությանը, դարձնում է մարդկանց մահաբեր սովորության ստրուկներ, որոնց ճնշող մեծամասնությունը այդպես էլ չի թողնում այն մինչ ի մահ:Ռուսաստանում ծխախոտը հայտնվեց XVII դարում:

Այն մուտք գործեց լեհերի և լիտվացիների միջոցով: Միխայիլ Ռոմանով թագավորը խստորեն հետապնդում էր սատանայական թույնի սիրահարներին: 1634թ. արձակվել էր հրամանագիր, ըստ որի ծխամոլները ստանում էին ոտնատակերին 60 հարված՝ փայտով: Երկրորդ անգամ կտրում էին քիթը: Իսկ Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի 1649թ. հրամանագրով նախատեսվում էր պատիժ նաև նրա համար, ում մոտ ծխախոտ էր հայտնաբերվել՝ մտրակել այնքան ժամանակ, մինչև չխոստովանի, որտեղից է ստացել այն: Խիստ պատիժներ էին սահմանված և վաճառականների համար՝ կտրել քիթը և աքսորել հեռավոր վայրեր: Ծխախոտի մուտքը երկիր արգելված էր: Սակայն վնասազերծելու ջանքերն ապարդյուն անցան: Պետրոս I թագավորը ծխելու սիրահար էր: 1697թ. բոլոր արգելափակումները վերացվեցին: Թագավորը Ռուսաստանում ծխախոտի առևտրի մենաշնորհը հանձնեց անգլիացիներին: Թե ինչ սրընթաց կերպով այդ աղետաբեր արատը տարածվեց ժողովրդի մեջ, տեղիք է տալիս շատ տխուր մտորումների: Ներկայումս Ռուսաստանում ամեն տարի արտադրվում է մոտ 250 մլրդ. սիգարետ և 50 մլրդ. բերվում դրսից: Այսպիսով, երկրում սպառվում է 300 մլրդ. սիգարետ: Ռուսաստանը գրավում է աշխարհում I տեղը ծխողների աճի թռիչքով: Նրանց մեջ բավական բարձր թիվ են կազմում դպրոցահասակները: Եվս մեկ անմխիթար առանձնահատկություն՝ ծխախոտամոլության ֆեմինիզացիան երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Ռուսաստանում ծխում են տղամարդկանց 70 % և կանանց 30 %:

Կանացի օրգանիզմի վրա ծխախոտը թողնում է էլ ավելի քայքայիչ ազդեցություն: Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական ընկերության ամենամյա կոնֆերանսի տվյալների համաձայն, ծխող կանայք, մնացած պայմանների հավասարության դեպքում (հետազոտողները հաշվի են առել հիվանդների տարիքը, ծխելու երկարատևությունը, օգտագործվող սիգարետների տեսակները և այլ գործոններ) հիվանդանում են թոքերի քաղցկեղով 2 անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ: Կանադացի բժիշկները Վանկուվերում և Կվեբեկում հավաքած վիճակագրական տվյալների հիման վրա պնդում են, որ 25 տարեկանում ծխել սկսած կանանց մոտ կրծքի չարօրակ ուռուցքի առաջացման հավանականությունը աճում է 70 %: Սոցիալական հոգեբանության ոլորտի մասնագետներին քաջ հայտնի է մարդու վրա շրջապատի թողած ազդեցության ուժը: Ներկայումս մեր քաղաքային միջավայի ճնշող մասն են կազմում ահռելի չափերի ցուցատախտակները, որոնք գովազդում են առողջությունը քայքայող թույնը: Մի՞թե այն մարդիկ, որ այս կամ այն կերպ աջակցում են ազգաբնակչության զանգվածային թունավորմանը, գեթ մի պահ չեն ուզում մտածել, որ Ահեղ Դատաստանի օրը ամեն ինչի համար պատասխան են տալու:Հնարավո՞ր է ձերբազատվել ծխելուց: Այո, հնարավոր է: Անգլիայում վերջին 10-15 տարում 10 մլն. մարդ թողել է ծխելը: Ամեն օր թողնում են ծխելը մոտ 2000 հոգի:

Սուրբ հայրական ընդհանուր ուսուցման համաձայն մարդն Աստծո օգնությամբ ի զորու է հաղթահարել ամեն մի կիրք ու մոլություն: Ռուս եկեղեցու հեղինակավոր վանահայր Ս. Ամվրոսի Օպտինսկին XIX հետևյալ խորհուրդներն է տալիս ծխելու դեմ պայքարողին. «Գրում եք, որ չեք կարողանում հրաժարվել ծխախոտից: Այն, ինչ անհնարին է թվում մարդուն, հնարավոր է դառնում Աստծո օգնությամբ, միայն պետք է հաստատ որոշում կայացնել, գիտակցելով հոգուն և մարմնին հասցվող վնասը, որովհետև ծխախոտը թմրեցնում է հոգին, բազմապատկում և զորացնում կրքերը, մթացնում գիտակցությունը, քայքայում մարմնի առողջությունը, դանդաղորեն տանելով դեպի մահ: Բարկացկոտությունը և տրտմությունը նույնպես հետևանք են հոգեկան տկարության, որ առաջանում է ծխելու սովորությունից: Խորհուրդ եմ տալիս այդ մոլության դեմ դիմել հոգևոր դեղամիջոցի: Մանրամասնորեն խոստովանեք ամբողջ կյանքում գործած մեղքերը սկսած 7 տարեկանից, որից հետո հաղորդվեք Սուրբ Մարմնին և Արյանը: Եվ ամեն օր կանգնած ընթերցեք մեկ կամ ավելի գլուխներ Ավետարանից, իսկ երբ վրա հասնի տրտմությունը՝ նորից կանգնեք ընթերցելու, մինչև այն չանցնի: Կրկին հարձակում գործի՝ կրկին կարդացեք Ավետարանը, կամ, դրա փոխարեն առանձնության մեջ 33 անգամ երկրպագություն արեք ի հիշատակ Փրկչի երկրային կյանքի տարիների և ի պատիվ Ս. Երրորդության»:

Սակայն ինչու՞ է այդքան քչերին հաջողվում հրաժարվել «սատանայի նվերից»: Որովհետև ծխողներից շատերը չեն ուզում թողնել սովորությունը: Իսկ նրանք, ովքեր իբր ուզում են և քայլեր են անում այդ ուղղությամբ, իրականում ներքուստ վճռական չեն տրամադրված: Նրանք, ովքեր բազմիցս ճիգեր են գործում թողնելու ծխելը, հոգու խորքում ընտելացած են այդ մոլությանը: Աստված միշտ էլ պատրաստ է օգնության հասնելու այդ փրկարար գործում, բայց սպասում է նրա կողմից սխրանքի: «Երբ Աստծո սիրուց դրդված ուզում ես որևէ գործ կատարել, մահը աչքիդ առաջ ունեցիր, և այդպիսով իսկապես կարժանանաս հասնելու մարտիրոսության աստիճանին ամեն մի կրքի դեմ պայքարելիս, և որևէ վնաս չես կրի այդ ճանապարհին, եթե մինչև վերջ համբերես և չընկնես: Տկար գիտակցությունից նվազում է և համբերության զորությունը, իսկ հաստատուն միտքը իրեն հետևողին հաղորդում է գերբնական զորություն» (Ս. Իսահակ Ասորի):

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս