Գիտնականները ճաղատացման դեմ միջոց են գտել
Հարավկորեացի գիտնականները հայտնաբերել են երկու խումբ սպիտակուցներ, որոնք արգելակում են մազերի աճը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Journal of Investigative Dermatology հանդեսում:
Կլինիկական դիտարկումների ընթացքում Յոնսեյի համալսարանի մասնագետները պարզել են, որ մազերը կորցնող մարդկանց հյուսվածքները չափից ավելի մեծ քանակությամբ են CXXC5 սպիտակուց պարունակում: DSH սպիտակուցի հետ միանալիս այն արգելակում է մազերի գեղձաբշտիկների վերականգնումը:
Հետազոտողները մշակել են պատրաստուկ, որն արգելափակում է երկու սպիտակուցների միացումը եւ խթանում նոր մազերի աճը: Կատարված փորձերը ցույց են տվել, որ զգալի բարելավումներ են նկատվել բուժումն սկսելուց արդեն 28 օր անց:
Նշվում է, որ պատրաստուկը դեռեւս լրամշակման կարիք ունի, քանի որ առայժմ արդյունավետ չէ գլխի մազերը լիովին կորցրած մարդկանց համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: