
Եգիպտոսի նախագահը հետաձգել է այցն Օման

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հետաձգել է պաշտոնական այցը Օման, որը պետք է սկսվեր նոյեմբերի 26-ին: Հետաձգման պատճառը նախօրեին Սինայի թերակղզում տեղի ունեցած ահաբեկչությունն է, որը խլել է 305 մարդու կյանք, վիրավորվել են շուրջ 130-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախագահը հանձնարարել է նաև ստեղծել հուշակոթող՝ ի հիշատակ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարված:
Նոյեմբերի 24-ին զինյալները Սինայի թերակղզում մտել էին մզկիթ և ռումբ էին պայթեցրել, ինչից հետո սկսել էին կրակել այդտեղից փախչող մարդկանց: Հաղորդվում է, որ հարձակվողները մոտ 25-30-ն են եղել: Նրանք մզկիթի մոտ են եկել 5 մեքենայով, հատուկ համազգեստ հագած: Նրանք կանգնել են դռների ու պատուհանների մոտ և ավտոմատներից սկսել կրակել աղոթող անձանց վրա:
Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 305-ի, նրանցից 27-ը երեխաներ են:
Եգիպտոսում կատարվածից հետո եռօրյա սուգ է հայտարարվել: