
Եգիպտոսում շուրջ 50 մարդ է զոհվել մզկիթի վրա զինյալների գրոհի հետևանքով. Sky News Arabia

Առնվազն 50 մարդ է զոհվել նոյեմբերի 24-ին Եգիպտոսի Սինա թերակղզու հյուսիսում մզկիթի վրա զինյալների գրոհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ հարձակումը կատարվել է Էր Ռաուդա բնակավայրում (Հյուսիսային Սինայի նահանգի մայրաքաղաք էլ Արիշայից ոչ հեռու) ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ էին: Սպանվածների թվում կան նաեւ ժամկետային զինծառայողներ:
Ստացված տեղեկատվության համաձայն, ահաբեկիչները, նախ, պայթուցիկ սարք են գործի դրել աղոթողների մեջ, իսկ այնուհետեւ կրակ բացել նրանց վրա: Երկրի իշխանությունների տվյալներով՝ 75 մարդ է տուժել մզկիթում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես հայտնել է Al-Ahram թերթը, նոյեմբերի 24-ին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «պայթյունից տուժել է 75 մարդ»: Նա չի նշել, թե տուժածներից քանիսն են սպանվել ու վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: