Վերահսկիչ պալատի 2018 թ. գործունեության ծրագիրը քննարկվեց երկրորդ անգամ. «Կնճիռը փորձելու ենք լուծել ԱԺ որոշմամբ»
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրին:
Հիշեցնենք, որ մոտ 2 շաբաթ առաջ հանձնաժողովը ՎՊ նույն ծրագրին բացասական եզրակացություն էր տվել` հիմնավորելով, որ նախագիծը չի համապատասխանում 2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող ՀՀ Սահմանադրության 198 հոդվածի պահանջներին:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ հաստատում են մի ծրագիր, որը նախկին Սահմանադրությամբ և գործող օրենքով է:
«Այդ կնճիռը փորձելու ենք լուծել Ազգային ժողովի որոշման տեսքով»,- ասաց Գ.Մինասյանը` նշելով, որ դրանում ասվում է, որ նոր նախագահի լիազորությունների ստանձնումից հետո ՎՊ-ն իրականացնում է հաշվեքննություն:
ՎՊ նախագահ Լևոն Յոլյանի խոսքով` բավականին լուրջ փուլ պետք է անցնեն` հաշվեքննության անցնելու համար, որն ավելի լայն լիազորություններ է տալիս: Նա նշեց, որ կադրերի վերապատրաստման խնդիրը քննարկել են.
«Աուդիտորների կայացման առումով երկրում բավականին աշխատանք պետք է կատարել: Հույս ունենք, որ կլինեն շատ ավելի արդյունավետ, շատ ավելի խորը, բովանդակային նյութեր` բյուջետային միջոցների, պետական գույքի օգտագործման առումով»: