Բաժիններ՝

Պուչդեմոնը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռախոյի հետ

Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառելս Պուչդեմոնը մտադիր չէ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայում եւ պատրաստ է հանդիպել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Նոյեմբերի 24-ին այս մասին նա հայտարարել է Գերմանիայի Deutschlandfunk ռադիոկայանի եթերում։

«Միանգամայն ստույգ է, որ ես քաղաքական ապաստան չեմ խնդրի Բելգիայում»,- ասել է Պուչդեմոնը: Նա ասել է, որ «երբեք փախստական չի եղել, չնայած իսպանական մամուլի տարածած ստահոդ հաղորդումներին»: «Ես միանգամայն օրինականորեն եմ ժամանել Բրյուսել եւ երբեք չեմ թաքնվել»,- հավելել է Կատալոնիայի նախկին ղեկավարը:

Պուչդեմոնը հայտարարել է, որ «Ռախոյին երկխոսության վերաբերյալ անթիվ առաջարկություններ է ուղարկել»: «Նա բառացիորեն ինձ ասաց. «Ես չեմ կարող եւ չեմ ցանկանում»,- շարունակել է Պուչդեմոնը: «Ես ցանկանում եմ եւ պետք է խոսեմ վարչապետի հետ, եւ հատկապես երկկողմ զրույց վարեմ, քանի որ Կատալոնիայի հիմնախնդրի նման խնդիր Իսպանիայի ոչ մի այլ ինքնավարությունում չկա»,- կարծում է նա:

«Մենք հանդիպման, երկխոսության կարիք ունենք»,- հավելել է Կատալոնիայի նախկին ղեկավարը: Նրա կարծիքով՝ Մադրիդը «չի կարող շարունակել պնդել ստատուս քվոյի պահպանումը, քանի որ դա այսօրվա հիմնախնդրի մասն է կազմում», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս