
«Սան Խուանի» նավապետը մորը խոստացել էր, որ դա կլինի իր վերջին նավարկությունը

Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» կորած սուզանավի նավապետն իր մորը խոստացել էր, որ դա կլինի իր վերջին նավարկությունը: Այդ մասին գրել է Gaceta տեղական հրատարակությունը:
«Նա ասաց, որ դա կլինի իր վերջին նավարկությունը սուզանավով, եւ դրանից հետո ինքը ծառայության կփոխադրվի ափ»,- հրատարակության հետ զրույցի ժամանակ հայտնել է սուզանավորդի մայրը: Նավապետ Ֆեռնանդեսն ամուսնացած է եւ ունի երեք երեխա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ վերջին անգամ կապի մեջ մտնելու պահին սուզանավի անձնակազմը հայտնել է ծագած վթարի մասին: Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ տեղեկատվություն ունեն պայթյունի մասին, որը կարող է կապված լինել սուզանավի անհետացման հետ:
Սուզանավի որոնումներին միացել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանան, Բրազիլիան, Ռուսաստանը, Չիլին, ինչպես նաեւ NASA-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: