Ապրիլյան պատերազմում զոհվածի մորն «աչքալուսանք» են տվել՝ «տղեդ Մոսկվայում ֆռֆռում է». armtimes.com
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Դպրոցի փոխտնօրեն Սիլվարդ Հայրապետյանը դպրոցի մաքրուհի Ջավահիր Աղաջանյանին աչքալուսանք է տվել` ասելով, որ ապրիլյան պատերազմում զոհված որդին՝ 20-ամյա Միշա Աղաջանյանը, ողջ է եւ «ֆռֆռում է Մոսկվաներում»:
Ջավահիր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատելով մեր տեղեկությունները՝ միաժամանակ ասաց, որ փոխտնօրենը մինչ այս իրենից ներողություն չի խնդրել եւ չի հիմնավորել, թե որտեղի՞ց իրեն Միշայի ողջ լինելու ու Մոսկվայում գտնվելու տեղեկությունը:
«Նա իր այդ խոսքերը չհիմնավորեց, չապացուցեց, թե որտեղից է իմացել ու ո՞վ է ասել իրան»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց Ջավահիր Աղաջանյանը:
Ջավահիր Աղաջանյանի խոսքով՝ պատճառն այն է եղել, որ ինքն ու իր ընտանիքը նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ չեն սատարել եւ չեն ընտրել փոխտնօրենի որդուն՝ ՀՀԿ-ական Արտավազդ Գալստյանին:
«Իր տղան գյուղապետի թեկնածու էր, չընտրվեց: Դժգոհ էր, որ չենք աջակցել, որ ընտրվի, երեւի պատճառը դա էր եղել: Ես պատերազմից հետո ոչ մի տեղ չեմ գնում, ոչ մի բանի չեմ մասնակցում: Դրա տղուն ընտրողն ո՞վ է, գյուղի համար ի՞նչ է արել, որ ընտրեն:
Ես էլի աշխատում եմ դպրոցում, բայց իրեն չտեսնելու եմ տալիս: Ես հիմա ուրիշ զբաղմունք չունեմ, գնում եմ, զբաղվում եմ: Ամբողջ հայ ազգը թքում է իրա երեսին, որ նման բան է ասել ինձ: Ինքը՝ որպես մայր, իրավունք չուներ նման բան ասեր: Ես նրան մարդ չեմ համարում, որ ուրիշի ցավի վրա աղ է լցնում»,- պատմեց Միշայի մայրը:
Թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց խոսել Սիլվարդ Հայրապետյանի հետ, իսկ նրա որդին՝ Ծաղկահովիտի նախկին գյուղապետ Արտավազդ Գալստյանը տեղեկացրեց, որ Միշայի ողջ լինելու մասին տեղեկությունը Միշայի հայրն է գյուղում տարածել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: