
Ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած շարքային զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 21-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով շարքային Նարեկ Հայկի Հովեյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Շարքայինն ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում՝ կրծքավանդակի ինչպես նաև գլխի շրջանում:
«Փաստինֆո-ն» Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից տեղեկացավ, որ շարքայինն այսօր Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից կտեղափոխվի Երևան:
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։