
Բրիտանական ինքնաթիռ է ժամանել Արգենտինա՝ գտնելու կորած սուզանավը

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Voyager ինքնաթիռը, որը կմասնակցի Արգենտինայի ռազմածովային ուժերի՝ կորած սուզանավի որոնումներին, ժամանել է Արգենտինա: Այդ մասին հայտնել է ITV բրիտանական հեռուստաալքիքը:
Օդանավը մեկնել է Օքսֆորդշիրի կոմսության Բրեյզ Նորթոն ավիաբազայից: Ինչպես սպասվում է, շուտով ինքնաթիռը կմիանա այն գործողությանը, որին արդեն մասնակցում է Մեծ Բրիտանիայի HMS Protector սառցային հետախուզության նավը:
Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» սուզանավը դադարել է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին Ուշուայա նավահանգստից Մար դել Պլատա քաղաք տանող ճանապարհին: Սուզանավում գտնվում էր անձնակազմի 44 անդամ, այն ուներ թթվածնի վեց օրվա պաշար: Ավելի վաղ տեղեկացվել է, որ վերջին անգամ կապի մեջ մտնելու պահին սուզանավի անձնակազմը հայտնել է վթարի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: