
Հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 8 երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը, մեր հարցին ի պատասխան, անդրադառնալով տուժածների վիճակին, տեղեկացրեց, որ նրանց հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի զգացվել, իսկ երեխաներից երեքն ընդհանրապես վնասվածքներ չեն ունեցել: «Մեզ մոտ տեղափոխվել է 8 հոգի, որից 5-ը ունեցել է թեթև վնասվածքներ՝ մարմնի տարբեր հատվածներում, հիմնականում՝ գլխի շրջանում: Նեյրովիրաբույժի, դիմածնոտային վիրաբույժի կողմից հետազոտվել են, և ոչ մեկին հոսպիտալցնելու կարիք չի եղել»,- ասաց Դավիթ Դալլաքյանը:
Վնասվածքներ ստացած երեխաներից ամենամեծը ծնվել է 2008 թվականին, ամենափոքրը՝ 2011-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 13:00-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ Շենգավիթ ծննդատան հարևանությամբ, բախվել են 40-ամյա Վաչիկ Գրիգորյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 33 70 Տ համարանիշի և 28-ամյա Սարգիս Պապյանի վարած Toyota Corolla մակնիշի 425 AC 61 համարանիշի ավտոմեքենաները: Առաջինը ներքաղաքային համար 44 երթուղին սպասարկող միկրոավտոբուս է, երկրորդը՝ տաքսի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։