
Եգիպտոսում 29 մարդ են ձերբակալել Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով. ՄԵՆԱ

Եգիպտոսի գլխավոր դատախազ Նաբիլ Սադիքը կարգադրել է ձերբակալել քսանինը մարդու, որոնք մեղադրվում են թուրքական հետախուզության հետ համագործակցելու մեջ: Այդ մասին հայտնել է երկրի ՄԵՆԱ պաշտոնական լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ մեղադրյալները նախնական կարգով կալանքի տակ են վերցվել տասնհինգ օրով: Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» ընկերակցության անդամներ են:
Նրանց մեղադրանքներ են ներկայացվել եգիպտական պետության շահերին վնաս հասցնելու փորձի, ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ փողերի լվացման համար: Թուրք-եգիպտական հարաբերությունները վատացել են Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց ու դրան հաջորդած «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման կողմնակիցների եւ ուժայինների միջեւ արյունահեղ բախումներից հետո:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խստիվ դատապարտել է Եգիպտոսի զինվորականների գործողությունները Մուրսիի կողմնակիցների դեմ եւ հայտարարել, որ նրան համարում է Եգիպտոսի օրինական նախագահը: Թուրքիան եւ Եգիպտոսը 2013 թվականին իրենց դեսպաններին հետ են կանչել կոնսուլտացիաների համար, ինչից հետո Եգիպտոսը պերսոնա նոն գրատա է հայտարարել է թուրք դեսպանին, իսկ Թուրքիան՝ Եգիպտոսի դեսպանին: