
Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ բանտարկության

Նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների Հաագայի տրիբունալը բոսնիացի սերբերի բանակի նախկին գեներալ Ռատկո Մլադիչին դատապարտել է ցմահ բանտարկության՝ նրան մեղավոր ճանաչելով ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ, տեղեկացնում է BBC-ին:
Ռատկո Մլադիչը 1990-ական թվականների առաջին կեսին նախկին Հարավսլավիայում պատերազմի տարիներին բոսնիացի սերբերի բանակի հրամնատարն էր եւ, տրիբունալի կարծիքով՝ մեղավոր է Բոսնիայի եւ Հերցեգովինայի հազարավոր խաղաղ բնակիչների սպանության մեջ:
Ռատկո Մլադիչի հրամանով կատարված հանցագործություններից գլխավորը կոտորածն է Սրեբրենիցայում, որտեղ 1995 թվականին սպանվել են ավելի քան յոթ հազար մահմեդականներ՝ տղամարդիկ եւ տղաներ: «Պալատը (տրիբունալի մի մասը) հանգել է այն եզրակացության, որ Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների դեմ կատարվել են հանցագործություններ, որոնք որակվում են որպես ցեղասպանություն, հալածանքներ, բնաջնջում եւ բռնի տեղահանում»,- ընթերցելով դատավճիռն՝ ասել է նախկին Հարավսլավիայի գծով ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի նախագահ, դատավոր Ալֆոնս Օրիեն Նիդեռլանդներից: