
Աթամբաևը ՌԴ նախագահին պարգևատրել է «Մանաս» առաջին աստիճանի շքանշանով

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Մանաս» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին: Այդ մասին հայտնել է ղրղզական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Աթամբաեւն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Վլադիմիր Պուտինը «Մանաս» առաջին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել Ղրղզստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների զարգացման ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Մանաս» շքանշանը Ղրղզստանի բարձրագույն պետական պարգեւն է, այն հիմնվել է 1996 թվականի ապրիլին: Դրանով պարգեւատրվում են հանրապետության քաղաքացիներն ու օտարերկրացիները պետության եւ ժողովրդավարական հասարակության, ժողովրդի միասնության պաշտպանության ու ամրապնդման, երկրի տնտեսական, հոգեւոր կամ ինտելեկտուալ ներուժի բազմապատկման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: