
Հալեպում բացվել է Խան ալ Ջումրուք պատմական շուկան

Զինյալներից սիրիական Հալեպի ազատագրումից հետո առաջին անգամ քաղաքի հին մասում բացվել է Խան ալ Ջումրուք պատմական փակ շուկան։
Խան ալ Ջումրուքը, որը Հալեպի ամենախոշոր շուկաներից մեկն է, կառուցվել է 16-րդ դարում: Այժմ շուկայի առանձին կամարների տակ երեւում են այն հրդեհների հետքերը, որոնք բռնկել էին պայթյունների պատճառով: Շուկայի բացումն իսկական տոն է դարձել՝ երաժշտությամբ, պարերով եւ հանդիսավոր կերպով մուտքի ժապավենը կտրելով: Վերականգնման եւ վերակառուցման տեղական կոմիտեի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ «ահաբեկիչները փորձում էին երկրի երեսից ջնջել այդ շուկան, որը պատմական մեծ արժեք ունի»:
«Այս շուկայում գտնվում է 107 խանութ, որոնցից հարյուրն այսօր արդեն բաց են: Բայց մենք զանգահարում ենք արտասահմանում գտնվող մարդկանց, որպեսզի նրանք վերադառնան եւ վերաբացեն իրենց խանութները»,-ասել է նա:
Հագուստից բացի, այստեղ վաճառվում են զարդեր, գործվածքներ, գորգեր, պայուսակներ, թխվածք, քաղցրավենիք, Հալեպի նշանավոր բնական օճառը եւ բազմաթիվ այլ ապրանքներ: Բացման օրը շուկա են այցելել հարյուրավոր մարդիկ: Ինչպես նշել է տուրօպերատոր Վասիմ Մարդինին, շուկայի բացումը կարեւոր իրադարձություն է բիզնեսի համար: «Մենք նաեւ փող ենք ներդնում շուկաների վերաբացման գործում, դա շահավետ է բոլորին: Այստեղ կգան բազմաթիվ զբոսաշրջիկներ, ե՛ւ առեւտրականները գոհ կլինեն, ե՛ւ տուրիստական ինդուստրիան կսկսի վերելք ապրել»,-պարզաբանել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: