«Լավրովը բավականին անկեղծ էր». Ալեքսանդր Իսկանդարյան

«Լավրովի այցը սովորական այց էր: Հասկանալի է, որ այն Արցախի հարցի քննարկման համար էր: Այդ քննարկումը եղել է, և ակնհայտ է, որ ոչ մի լուրջ փոփոխություն կամ զարգացում Արցախի հարցում այս փուլում սպասել պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այն, որ Բաքուն եղավ այցի կենտրոնական մասը, փորձ էր վերահսկման մեխանիզմների ներդրման, ինչը դժվար թե ստացվի: Բացի դրանից՝ այցը նպատակ ուներ շփման գծում իրավիճակը պահել այնպես, ինչպես հիմա կա: Իրավիճակի լուրջ փոփոխություն հնարավոր չէ»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպումը ևս քննարկվել է Լավրովի այցի ժամանակ. «Ես կարծում եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա, թեպետ չգիտեմ՝ այն կլինի դեկտեմբերի՞ն, թե՞ ավելի ուշ: Հիմա վերակենդանանում է Արցախի հարցը, քանի որ հանդիպումներն ակտիվացել են, և ԱԳ նախարարների հանդիպում ևս կլինի, բայց դրանք լուրջ փոփոխություններ չեն բերի: Արցախյան կոնֆլիկտն այն փուլում չէ, որ հնարավոր լինի լուրջ փոփոխություններ ակնկալել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ռուսական կողմի այս ակտիվացումը, այցերը Հայաստան պայմանավորված են նրանով, որ նոյեմբերի 24-ին ՀՀ-ն և ԵՄ-ն պատրաստվում են համաձայնագիր ստորագրել, նա այսպես պատասխանեց. «Դա ոչ թե Բրյուսելի պրոցեսի համար է, այլ այն պրոցեսի, որը կա հայկական վերլուծական դաշտում: Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, ապա դրա ստորագրման հնարավորությունը 100% է: Որքան ինձ հայտնի է՝ փաստաթղթում խնդիրներն աննշան են: Հասկանալի է, որ Հայաստանն այդ գործընթացում նկատի է ունենում Ռուսաստանի հետաքրքրությունները: Այդ խնդիրները վաղուց լուծված են, և հետևաբար՝ ասել, թե փաստաթղթի ստորագրումից 2 օր առաջ փորձում են խնդիրներ առաջացնել, դա նման է ֆեյսբուքյան գրառման»:

Կարդացեք նաև

Քաղաքագետի գնահատմամբ՝ Լավրովը բավականին անկեղծ էր, թեև դիվանագիտական լեզվով էր խոսում. «Բանակցային սեղանին դրված են նույն փաստաթղթերը, ոչ մի նոր բան գոյություն չունի: Լավրովի պլանի մասին խոսակցություններն անիմաստ են, դրանք գոյություն չունեն»:

Տեսանյութեր

Լրահոս