
Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին

Լոնդոնում վախճանվել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երգիչ Դմիտրի Մալիկովը:
«Ես այս տեղեկատվությունն ստացել եմ իմ բանաստեղծուհի Լիլյա Վինոգրադովայից, որը նրա մտերիմն էր, եւ որն այնտեղ նրա հետ էր: Նա ինձ գրել է, որ Դմիտրին մահացել է Լոնդոնի ժամանակով առավոտյան ժամը 03:36-ին»,-ասել է Մալիկովը: Խվորոստովսկին մահացել է կյանքի 56-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո: 2015 թվականի հունիսի վերջին երգիչը, որն արդեն երկար տարիներ ապրում էր Լոնդոնում, հայտարարել էր, որ ուղեղի ուռուցք ունի:
Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989 թվականին նրա հաղթանակը BBC-ի «Աշխարհի երգիչ» հեռուստատեսային մրցույթում Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքում, որտեղ նա արժանացավ «Լավագույն ձայն» տիտղոսին եւ ստացավ գլխավոր մրցանակը:
Նիսի Nice Opera-ում Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերայում դեբյուտից հետո Դմիտրիին սկսեցին հրավիրել ելույթներ ունենալ աշխարհի լավագույն օպերային թատրոններում եւ մասնակցել հռչակավոր փառատոններին: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենի Թագավորական թատրոնի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայի, Չիկագոյի Լիրիկ-օպերայի, Փարիզյան օպերայի, Միլանի «Լա Սկալայի» բեմերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: