Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կզրկվի պատգամավորական մանդատից
Թուրքիայի մեջլիսի հատուկ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցին: Թուրքական Diken-ը, հանձնաժողովի որոշումը վերջնական քվեարկության կդրվի մեջլիսի նիստին:
Զանան 2015 թվականի նոյեմբերի 17-ին պատգամավորական երդմնակալության ժամանակ երդման տեքստը սկսել էր քրդերեն «Կեցցե խաղաղությունը» խոսքերով, իսկ ընթացքում «թուրք ազգ» եզրույթը փոխարինել էր «Թուրքիայի ազգ»-ով: Երդման տեքստում ինքնակամ փոփոխություն անելու պատճառով նրա երդումը չէր ընդունվել, իսկ 2017 թվականի հուլիսի 20-ին մեջլիսի նախագահությունը Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցը ներկայացրել էր հանձնաժողովին, որի կազմի մեջ են մտնում սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները:
2015 թվականի նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել էր 59 պատգամավորական մանդատ, սակայն այս ընթացքում նրանցից 5-ին զրկել են մանդատից: Այդ պատգամավորներն են կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը և Բեսիմե Քոնջան: Եթե Լեյլա Զանան ևս զրկվի պատգամավորական մանդատից, ապա մեջլիսում քրդամետ կուսակցության անդամների թիվը կնվազի 53-ի: