Թբիլիսիում ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալման հատուկ գործողություն է անցկացվում
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է, որ Թբիլիսիի Իսանի շրջանում ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալման հատուկ գործողություն է անցկացվում։
«Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալման հատուկ գործողություն են անցկացնում»,- ասված է գերատեսչության՝ նոյեմբերի 22-ին Թբիլիսիում հրապարակված հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ նշվում է, որ կասկածյալները «կրակ են բացել հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների վրա»: Գերատեսչությունը հայտնել է, որ կասկածյալները գտնվում են բազմահարկ շենքի բնակարաններից մեկում:
«Այդ շենքում բնակվող մարդկանց անվտանգությունն ապահովված է»,- ասել են ծառայությունում՝ ընդսմին չհայտնելով հատուկ գործողության անցկացման այլ մանրամասներ:
Թբիլիսիի «Իմեդի» հեռուստաընկերությունը նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնել է, որ Պետանվտանգության ծառայության որոշմամբ՝ կատարվել է շենքի այն մուտքի բնակիչների տարհանում, որտեղ անցկացվում է հատուկ գործողությունը:
Առկա տվյալներով՝ հատուկ գործողությունը դեռեւս ավարտված չէ: Նաեւ պաշտոնական տվյալներ չկան այն անձանց մասին, որոնց նկատմամբ գործողություն է անցկացվում: Մինչդեռ, «Իմեդի» եւ «Ռուսթավի-2» տեղական հեռուստաընկերությունները նշում են, որ այդ անձինք օտարերկրյա քաղաքացիներ են, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: