
Ժանտախտով հիվանդ մադագասկարցիները ներարկումների վախից փախչում են կլինիկաներից. Daily Mail

Մադագասկարում ժանտախտի բռնկման դեմ պայքարը բարդանում է հիվանդների պահվածքից, որոնք բուժհաստատությունները լքում են ներարկումներից վախենալու պատճառով: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Հիվանդանոցների պահակների խոսքով՝ իրենք պարբերաբար որսում են այն հիվանդներին, որոնք փորձում են փախչել բժիշկներից: Նրանցից մեկին հաջողվել է փախչել, բայց ավելի ուշ վատ ինքնազգացողության պատճառով նա ինքն է վերադարձել:
«Մարդիկ սովոր չեն հիվանդանոց հաճախել… Կլինիկաներ կառուցելը դեռ քիչ է, հարկավոր է նաեւ, որ մարդիկ հաճախեն այնտեղ »,-լրագրողներին պատմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ժան Բենուա-Մանհեսը:
Քանի որ երկրում գրանցվել է ժանտախտի չափազանց վտանգավոր թոքային տեսակը, մեկ հիվանդը կարող է վարակել մինչեւ 20 մարդ, նախազգուշացնում են բժիշկները:
Հոկտեմբերի սկզբից Մադագասկարում ժանտախտի զոհ է դարձել ավելի քան 140 մարդ, վարակվել եւ բուժում են անցնում առնվազն 2 հազար հոգի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։