«Հայաստանը կարող է բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար և´ ԵԱՏՄ շուկայում, և´ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերներից է:  Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում այս տարի բավական մեծ առաջընթաց է արձանագրվել. 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 անգամ: Կարևորելով Շվեյցարիայի կողմից ՀՀ-ին տրամադրված Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) առևտրային ռեժիմը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ հայ-շվեյցարական տնտեսական գործակցության մեծ ներուժի լիարժեք իրացումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ կապերը: «Մենք պատրաստ ենք բազմաոլորտ համագործակցություն զարգացնել Շվեյցարիայի հետ՝ շվեյցարական կապիտալը ներգրավելով հայաստանյան շուկայում: Հայաստանը կարող է նաև բավական հետաքրքիր պլատֆորմ լինել շվեյցարական բիզնեսի համար և´ ԵԱՏՄ շուկայում, և´ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում, ինչպես նաև ԱՏԳ միջոցով իրանական շուկայում գործունեություն ծավալելու համար», – նշել է վարչապետը:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը ևս գոհունակությամբ նշել է, որ երկկողմ տնտեսական գործակցության ոլորտում 2017 թ. նշանակալի աճ է արձանագրվել, և ներկայում նոր ներդրողներ են այցելում մեր երկիր՝ բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Լուկաս Գասսերն ասել է, որ մի շարք շվեյցարական ընկերություններ արդեն օգտվում են Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ դուրս գալու պլատֆորմի հնարավորությունից և կարող են լավ օրինակ ծառայել, իսկ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը շատ լավ նախաձեռնություն է, որը նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել շվեյցարական ներդրողների համար: Դեսպանի կողմից՝ Հայաստանի արտահանողների կողմից GSP ռեժիմի լիարժեք կիրառումը ևս կնպաստի գործակցության նոր ուղղությունների բացահայտմանը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա խորացման հեռանկարները: Արծարծվել են, մասնավորապես, օդային ուղիղ հաղորդակցության հաստատման, զբոսաշրջության խթանման, ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցության, Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի գործունեության, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, ներդրումային ծրագրերի իրականացման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է եղել վարչապետի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության հետ կապված հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս