Սերժ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20-ամյակի տարին արգասաբեր էր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից:
«Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետև այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ»,- ասել է Նախագահ Սարգսյանը՝ այդ ամենում կարևորելով ակտիվ փոխայցելությունները, որոնց շրջանակներում միայն վերջին մի քանի ամիսներին Հայաստան են այցելել ՌԴ կառավարության նախագահը, արդյունաբերության, կրթության, առողջապահության նախարարները, այսօր օրերին կայանում է արտգործնախարարի այցը:
Հանրապետության Նախագահը նշել է նաև համատեղ անցկացված բազմաթիվ միջոցառումները՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը, Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը, ամսվա սկզբին անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի հոբելյանական 30-րդ նիստը:
Նշելով, որ հայ-ռուսական հարաբերություններն հետևողականորեն զարգանում են, Նախագահն ընդգծել է, որ այսուհետ ևս պետք է շարունակել աշխատանքը միջպետական հարաբերությունների զարգացման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ:
Արտգործնախարար Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները, ում հետ Հայաստանի Նախագահն օրերս պաշտոնապես բացեց «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը»՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով:
Նախարարը հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում գործընկերոջ հետ ունեցած հանդիպման և քննարկումների արդյունքները:
«Ձեզ հետ միասին այսօր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը մասնակցելուց բացի, մենք Էդվարդ Նալբանդյանի հետ շատ մանրամասն բանակցություններ ենք վարել, ելույթ ենք ունեցել զանգվածային լրատվության միջոցների առջև, դիտարկել ենք մեր դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության բոլոր ոլորտները, ինչի մասին Դուք բավականին հանգամանալից նշեցիք: Չեմ կրկնվի, քանի որ իրականում, չկա մարդկային գործունեության որևէ ոլորտ, որում Ռուսաստանն ու Հայաստանը չունենան գործնական փոխգործակցության ոչ թե ձևական, այլ իրական մեխանիզմ: Այն, որ Դուք բարձր եք գնահատում արտաքին քաղաքականության ոլորտում մեր համագործակցությունը, մեզ համար մեծ պատիվ է: Կաշխատենք արդարացնել Ձեր և Ռուսաստանի նախագահի վստահությունը»,- Հանրապետության նախագահի հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: