Իրանի նախագահը հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի ոչնչացման մասին
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին: Իրանի ղեկավարի համապատասխան հայտարարությունները նոյեմբերի 21-ին հրապարակվել են նախագահի վարչակազմի կայքում։
«Ես շնորհակալություն եմ հայտնում իսլամի բոլոր մարտիկներին, մեր դիվանագետներին, կառավարությանը, ազգին, հոգեւոր առաջնորդին, զինված ուժերին եւ Իրաքի ու Սիրիայի ժողովուրդներին խմբավորմանը վերջ դնելու նպատակով նրանց գործադրած ջանքերի համար, խմբավորում, որը, բացի չարիքից ու տառապանքներից, ոչինչ չի բերել: Աշխատանքի մեծ մասն արվել է Սիրիայի, Իրաքի եւ Լիբանանի բանակների ու ժողովուրդների կողմից, իսկ մենք նրանց օգնություն ենք ցուցաբերել որպես մեր կրոնական, իսլամական պարտք»,-ասել է Ռոուհանին:
Իրանի նախագահը հավելել է, որ «ԻՊ-ն ահաբեկչական խմբավորում է, որին սնել եւ զինել են համաշխարհային գլխավոր տերությունները եւ տարածաշրջանի՝ ռեակցիոն տրամադրված առանձին երկրներ»: Ավելի վաղ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի ղեկավարներից մեկը՝ գեներալ Քասեմ Սուլեյմանին, այաթոլլա Ալի Խամենեիին հղած ուղերձում նույնպես հոգեւոր առաջնորդին շնորհավորել է «Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի ջախջախման» առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: