«Ֆերգյուսոնի դարաշրջանի մակարդակից հեռու ենք». Մարկուս Ռեշֆորդ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոստովանել է, որ իր թիմը դեռ հեռու է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի դարաշրջանի մակարդակից, բայց կարծում է, որ Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ մանկունյանցիները ճիշտ ուղու վրա են գտնվում:
«Մենք ավարտեցինք երկրորդ տարին և նվաճեցինք երեք տիտղոս, այնպես որ, հաղթանակները մեզ համար ինչ-որ սովորական բան են դարձել: Դա այն է, ինչ միշտ ունեցել է «Մանչեսթեր Յունայթեդը», այնպես որ, կարևոր է փորձել հետ բերել մեծ հաղթանակների համն «Օլդ Թրաֆֆորդ»: Մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում՝ հասնելու Սըր Ալեքս Ֆերգյուսոնի դարաշրջանի մակարդակին, քանի որ այն ժամանակ հաղթանակները սովորական բան էին: Իսկ դա տարբերվում է մեկ կամ երկու մրցաշարերում հաղթանակներից:
Սա ավելի բարդ է, քանի որ բոլորն ուզում են հաղթել թիմ-գերդաստանին: Մենք ցանկանում ենք «Օլդ Թրաֆֆորդն» ամրոցի վերածել, ինչպես նախկինում էր: Մենք ճիշտ մարզիչ ունենք, թիմն առաջ է ընթանում»,- Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Press Association Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը