Վանում հրաժարվում են ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները
Վանի նահանգի Արտամեդի (Էդրեմիթ) քաղաքապետարանը հրաժարվում է կատարել Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշի հանձնարարությունը՝ ապամոնտաժել հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանները:
Մասնավորապես, քաղաքապետարանի՝ պետության կողմից նշանակված հոգաբարձու Աթըֆ Չիչեքլին հայտարարել է, որ վերոնշյալ շինությունները չեն քանդվելու՝ պնդելով որ այդ վայրում հայկական գերեզմաններ չկան:
«Որևէ կառույց չենք ապամոնտաժել և չենք էլ ապամոնտաժելու: Այստեղ հայկական գերեզմանոց չկա: Թեմային հետևող բոլոր մարդկանց հայտնում եմ, որ բնության հրաշք հանդիսացող այս վայրը մենք ավելի կգեղեցկացնենք»,- Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասել է Չիչեքլին:
Հիշեցնենք, որ Արտամեդի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:
Իսկ օրեր առաջ Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վանում հայկական գերեզմանոցի վրա կառուցված այդ կառույցները պետք է ապամոնտաժվեն:
Նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր:
Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը: